Galatv.am Սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Ի՞նչ փոփոխություններ են ենթադրվում Սահմանադրության մեջ, ո՞րն է դրա նպատակը, ինչու՞ հատկապես հիմա Սերժ Սարգսյանի մտքում ծագեց այդ գաղափարը, դրա նպատակն իսկապե՞ս կիսապետական -կիսախորհրդարանական հանրապետությունից խորհրդարանական հանրապետություն դառնալն է: Նախկին դատավոր, այժմ իրավապաշտպանական գրասենյակի տնօրեն Պարգև Օհանյանը գտնում է, որ ընդհանուր առմամբ խորհրդարանական հանրապետություն դառնալու գաղափարը վատը չէ, անգամ ուշացած է, քանի որ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի ժողովրդավարական համակարգ է համարվում, քան ներկայիս կիսապետական-կիսախորհրդարանականը: «Այլ հարց է, թե որքանով գործնականում դա կլինի խորհրդարանական. մենք ունենք դառը փորձ, երբ շատ փաստաթղթեր, դրանցում առկա բարձր արժեքներ են հռչակվում, օրենքներ ընդունվում, սակայն գործնականում չեն կիրառվում, և մենք շարունակում ենք ապրել կալվածատիրական, ֆեոդալական կամ ավատատիրական համակարգով»,- մեզ հետ զրույցում կարծիք է հայտնում Օհանյանը և հավելում, որ առանձնապես շատ չի կենտրոնանում այն հարցի վրա, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չկան ընդդիմադիր ներկայացուցիչներ:

«Որ լինեն, ի՞նչ պիտի անեն, հիմա որ Ազգային ժողովում կան անունով կամ սրտանց ընդդիմադիրներ, իրենք ի՞նչ են անում, ի՞նչ կարող են, որ ինչ անեն»:

Արդյո՞ք խորհրդարանական հանրապետություն դառնալու գլխավոր առավելություններից մեկը դատական համակարգի լիարժեք անկախությունն է հարցին Օհանյանը ընդգծեց. «Հարաբերական է նախագահական համակարգն էլ, խորհրդարանականն էլ, ինչքան շատ օրենք, այնքան շատ մեղք, չկա օրենք, չկա և մեղք: Ոչ միայն դատական, այլ մյուս համակարգերն էլ իրենց բարձրության վրա չեն, որովհետև պետությունն էլ իր բարձրության վրա չէ: Բայց ես չեմ մեղադրում պետությանը, որովհետև այն էլ անկախ չեմ համարում, և դա փաստ է: Հայաստանի անկախությունը զուտ թղթի վրա գրված փաստ է, բայց Ռուսաստանը մի կողմից է ճնշում, Եվրոպան մյուս կողմից»:

Խորհրդարանական պետական համակարգը թույլ է տալիս միևնույն մարդուն անսահմանափակ քանակությամբ նախահագ լինել: Պարգեւ Օհանյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը, պետական համակարգը խորհրդարանական դարձնելով, միտում ունի դարձյալ պաշտոնավարելու, սակայն նա գտնում է, որ առանձնապես ոչինչ չի փոխվի, եթե անգամ նա չլինի նախագահ. «Իսկ օրինակ ո՞վ լինի, որ լավ լինի, եթե մենք չենք հասկացել, որ պաշտոնը ծառայությունն է, այլ ոչ թե ժամանցի տուն, վայելք»,- ասում է նա:

Շարունակությունն` այստեղ: