Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Պետք է շարունակվեր «Բանդայի գործով» հերթական դատական նիստը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սակայն ամբաստանյալ Դավիթ Գալստյանը հենց դատարանի դահլիճում ինքնախեղման փորձ է կատարել:
Դեպքի առթիվ MediaMall.am-ի թղթակիցը զրուցեց Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի հետ:
«Դեպքը տեղի է ունեցել դատարանի դահլիճում: Ինքս ներկա եմ եղել: Դատավորի' դահլիճ մտնելուց անմիջապես հետո իմ պաշտանյալը' Դավիթ Գալստյանը, հայտարարությամբ հանդես եկավ, որից հետո «ինքնավնասման» փորձ կատարեց: Նրան հետևեց մյուս ամբաստանյալի' Արթուր Մանուկյանի նմանատիպ փորձը:
Այդ ամենից հետո շատ արագ են իրադարձությունները զարգացել. ճիշտն ասած' չեմ էլ նկատել' այդ պահին ինչ տեղի ունեցավ: Այնուհետև ոստիկանության աշխատակիցների միջոցով նրանց տեղափոխել են առանձնախցեր:
Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ մահացել էր գործով ամբաստանյալներից մեկը' Արման Դալաքյանը (այսօր հուղարկավորությունն էր), ով, ըստ իր պաշտպանի հայտարարության, ծեծի, խոշտանգումների է ենթարկվել, ստացել է տարբեր տիպի մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով էլ մահացավ: Դրանց վերաբերյալ քր. գործերի նյութերում կան ապացույցներ: Ըստ երևույթին' իր պաշտպանը համապատասխան դիմում բողոքներ է ներկայացրել, պահանջել համապատասխան քննություն անցկացնել: Մենք էլ ենք համապատասխան մարմիններից պահանաջել, որպեսզի կատարվի համապատասխան քննություն, պարզվեն բռնարարքներ կատարողները: Սական ինչպես մեր, այնպես էլ, համոզված եմ, մյուս պաշտպաների բողոքները մնացել են անպատասխան:
Նմանատիպ խնդիրներ ունի նաև մյուս ամբաստանյալ Քյարամ Ամոյանը, ում վերաբերյալ բազմիցս նշանակվում է փորձաքննություն, հետազոտություններ են կատարվում: Սակայն նա առողջական խնդիրներ ունի: Նա նաև այսօրվա դատական նիստին է շատ վատ վիճակում ներկայացվել:
Նմանատիպ խնդիրներ ունի նաև Դավիթ Գալստյանը:
Ոչ միայն հետազոտություն չի կատարվում, այլ, ընդհանրապես, ամեն ինչին վերաբերում են շատ անհետևողական. որևէ լուրջ հետազոտություն չկա: Կոնկրետ մեզ հետաքրքրում էր բռնարարքներ կատարած անձնանց պատասխանատվության ենթարկելու հանգամանքը, որն այդպես էլ չստացանք:
Մեր դիմումներն ուղարկվել են Գլխավոր դատախազին: Ծառայողական քննության արդյունքում որևէ կոնկրետ լուծում խնդիրը չստացավ, որի հետևանքով իր բողոքի ձայնը բարձրացրեց նաև Դավիթ Գալստյանը' ասելով. «Հերթական զոհը մենք ենք: Եթե ուզում եք նման ձևով մեզանից հաշվեհարդար տեսնել, մենք դա կանենք ինքներս»:
«Նրա արարքը մեր կողմից կանխատեսելի էր», - իր հերթին նշեց ամբաստանյալի պաշտպանը:
Վերջինիս խոսքով' նրանք հնարավորություն չեն ունեցել հանդիպելու ամբաստանյալի հետ, քանի որ Դալլաքյանի մահվանից հետո ոչ աշխատանքային օրեր են եղել, և հնարավորություն չի ստեղծվել նրանց հետ տեսակցություն ունենալ:
«Կարծում եմ' նրանք իրենց կատարելիք քայլի մասին տեղյակ չէին էլ պահի. դա ինքնաբուխ բողոքի ակցիա է եղել, և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր բողոքի ձևը: Նրանք նման ձևով որոշեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել»,- նկատում է պաշտպանը:
Նրանց առողջական վիճակի վերաբերյալ Ստեփան Ոսկանյանը ևս տեղեկություններ չունի: Միայն գիտի, որ շտապ օգնություն է եկել, և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Նա անգամ չգիտի, թե ուր են տեղափոխվել ամբաստանյալները:
Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դատական նիստի ժամանակ երեք ամբաստանյալների կողմից ինքնավնասումների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նելլի Ավետիսյան