www.tert.am Այսօր լրանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցը։ ԱՄՆ-ում այսօր կանցկացվեն հիշատակի միջոցառումներ, հայտնում է vesti.ru-ն։ Նյու Յորքում տեղական ժամանակով ժամը 08։46-ին միջոցառումները կսկսվեն լռության րոպեով։ Հենց այդ պահին 12 տարի առաջ երկնաքերերից մեկին բախվեց ահաբեկիչների առևանգած ինքնաթիռը։

 

Ինչպես և սովորաբար, արարողությունը կանցկացվի այն վայրում, որտեղ կանգնած էին զույգ աշտարակները։ Ըստ ավանդույթի՝ զոհերի հարազատները կկարդան ցուցակը, որում հիշատակվում են ահաբեկչությունների զոհերի անունները։

 

2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը' ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը:

 

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 3.000 մարդ:
Ահաբեկչության կազմակերպման համար ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին:

 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գաղափարախոս և «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ» Բին Լադենն ամերիկացիների հատուկ գործողության արդյունքում սպանվեց 2011-ի մայիսի 2-ին' Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 50 կմ հեռավորության վրա: