Մաքսային միության համատեքստում առավելապես անուղղակիորեն բավական ինտենսիվ շրջանառվում է Լեռնային Ղարաբաղի թեման: Նախ անվտանգության համատեքստում: Թեեւ Հայաստանի պաշտոնյաները չեն ասում, թե հատկապես ինչ կա դրա տակ, այդուհանդերձ հազիվ թե այլ բան, քան Ռուսաստանի սպառնալիքները: Ամենայն հավանականությամբ Մոսկվան սպառնացել է Հայաստանին՝ եթե Մաքսային միություն չմտնեք, Արցախում պատերազմ կլինի, եւ Ռուսաստանը կօգնի ոչ թե հայերին, այլ Ադրբեջանին: Թե ինչպես է Պուտինը դիվանագիտորեն ձեւակերպել այդ ամենը՝ արդեն էական չէ, կամ գուցե ոչ մի դիվանագիտության հետեւից էլ չի ընկել: Համենայն դեպս, պուտինյան քաղաքականության ռուսաստանցի եւ հայաստանցի խոսնակներն այդ սպառնալիքները կանխավ վերարտադրում էին միանգամայն բաց տեքստով:

 

Հետեւաբար, ենթադրվում է, որ Մաքսային միության անդամակցումից հետո Արցախում պատերազմ չի լինելու, կամ լինելու դեպքում Ռուսաստանն Ադրբեջանին չի օգնելու: Հայաստանին չի օգնի հաստատ, կամ կօգնի այնպես, ինչպես օրինակ Օսիային: Ռուսները սպասեցին՝ թունելի մուտքին այնքան, մինչեւ այլեւս Օսիան ինքը դիմադրության որեւէ ռեսուրս այլեւս չունեցավ, նույնիսկ ֆորմալ: Դա հարմար տարբերակ է պատերազմի երկու կողմին էլ հաղթելու համար: Ռուսաստանը արցախյան պատերազմի որեւէ կողմում չի լինի՝ Ռուսաստանը կսպասի, մինչեւ կգա երկու կողմերին էլ հաղթելու հարմար պահը:

 

Դա է Մոսկվայի ռազմավարական խնդիրը, միայն դա կարող է լինել Կովկասից Ռուսաստանի նահանջի դանդաղ, բայղ հաստատուն գործընթացի խարիսխը: Հետեւաբար Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելով Արցախի հնարավոր պատերազմի խնդիր չի լուծվում: Դա բլեֆ է, որին ենթարկվել է Հայաստանի իշխանությունը: Պարզապես Ռուսաստանն առայժմ չի կարողանում համոզել Ադրբեջանին սկսել պատերազմը, բարեբախտաբար: Որքան էլ Ալիեւը արբած լինի նավթադոլարներով, դրանք միեւնույն ժամանակ սթափության են մղում՝ կորցնելու վտանգից: Կրտսեր Ալիեւը լավ է պատկերացնում, որ պատերազմով ընդամենը կորցնելու է այդ նավթադոլարները: Ադրբեջանի սպառազինման առանցքային շարժառիթը պատերազմի պատրաստվելը չէ: Թող տարօրինակ չթվա, բայց սպառազինությունն Ալիեւի համար ընդամենը խաղաքարտ է աշխարհաքաղաքական կենտրոների հետ հարաբերությունների համար, քանի որ նավթայինն այլեւս ակնհայտորեն նախկին ազդեցությունը չունի:

 

Այդ ամենին զուգահեռ, ակնհայտ է, որ Ալիեւին պատերազմի գայթակղությունից հետ է պահում Միացյալ Նահանգները: Ընդ որում, Նահանգներն այդ առումով պատրաստ է հանդուրժել նույնիսկ ամբարտավան վերաբերմունքը Ադրբեջանի նախագահի ընտրությանը դիտարկելու մեկնած պատվիրակների հանդեպ, թույլ տալով Ալիեւին տոնել նման փոքր հաղթանակներ, բայց հետ պահելով մեծի գայթակղությունից:
Այդպիսով, Մաքսային միությունը Արցախի եւ Հայաստանի անվտանգության խնդիրների հետ որեւէ էական կապ չունի, որովհետեւ անվտանգության խնդիրը դրված է շատ ավելի լայն եւ պրակտիկ գործընթացների շրջանակում, քան ռուս-բելառուս-ղազախական ինքնագործունեության խմբակը:

 

Այդ խմբակին Արցախի հարցի առնչության մյուս հանգամանքը սահմանի խնդիրն է: Ինչպե՞ս է վերաբերելու խմբակը Արցախի կարգավիճակին: Առնվազն միամիտ կլինի կարծել, որ Ռուսաստանը թույլ է տալու Արցախի խնդրի որեւէ իրավական շոշափում Մաքսային խմբակի շրջանակում:
Առավելագույնը, ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա: Այսինքն, ընդամենը չի բարձրացվելու Արցախի սահմանային խնդիրը, դա մատնվելու է «անուշադրության»: Ղազախստանն ու Ադրբեջանը կլռեն, ինչը կլինի Ալիեւի երախտագիտությունը Պուտինի բարեհաճության հանդեպ: Մի քիչ էլ կշահեն Ռուսաստանի սիրտը՝ Բաքու կատարած այցի ընթացքում Մոսկվայի հանդեպ թույլ տված «չարաճճիությունների» մասով:

 

Մաքսային միությունը ոչինչ չի փոխում Արցախի հարցում, չի չեզոքացնում այդտեղ առկա որեւէ ռազմավարական մարտահրավեր: Ավելին, ավելացնում է դրանք, ի դեմս այն բլեֆի, որ տարածվում է հասարակության մեջ սեպտեմբերի 3-ից սկսած՝ թե այդ օրը Մոսկվայում անվտանգության հարց է լուծվել: Եթե որեւէ անվտանգության հարց այդ օրը լուծվել է, ապա առավելապես Սերժ Սարգսյանի կամ իշխող համակարգի: Ընդ որում, լուծումը խիստ ժամանակավոր է որեւէ մեկի դեպքում էլ:

 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ