Tert.am Երևանի քաղաքապետարանի աշխատանքը «Թափառող շների դեմ պայքարի» ծրագրի շրջանակում ոչ թե զրո պետք է գնահատել, այլ ավելի ցածր: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը:

Նա ընդգծեց, որ թեև քաղաքապետարանը արդեն 8 տարի է ծրագիրը իրականացնելու համար դուրս է գրում 220 մլն դրամ, բայց իրականում ոչ մի աշխատանք չի իրականացվում:

«Եթե այսօր փողոցում կան ստերիլիզացված շներ, ապա դրանք արված են կամավորների կողմից: Բայց դա պետք է անի «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, քանի որ Երևանի քաղաքապետարանի պատվերով և պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից հատկացված գումարները տրամադրվում են հենց այս ընկերությանը»,- ասաց նա:

Նունե Մեհրաբյանն ընդգծեց, թե իրենք փաստեր ունեն, որ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը ոչ թե ստերիլիզացնում է շներին, այլ վնասազերծում՝ այսինքն սատկացնում:

«Շներին գնդակահարելով հարցը լուծում չի ստանա, տարիների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաքակիրթ երկրում թափառող շների հարցը սպանդով լուծում չի ստացել: Պարզապես դա քաղաքապետարանի համար բիզնես է: Դա հնարավորություն է տալիս բյուջեից գումարներ դուրս գրել և դնել իրենց գրպանը»,- ասաց նա:

 

Նունե Մեհրաբյանն ընդգծեց, որ եթե բակերի շները ստերիլիզացված լինեին, այսօր շների ոհմակներ չէին լինի նույն բակերում: Միաժամանակ նա նշեց, որ նույն ծրագրով նախատեսված է բակում թողնել մեկ-երկու ոչ ստերիլիզացված շուն, որոնք կբազմանան և մյուս կենդանիների նկատմամբ հավասարակշռությունը կպահպանվի:

 

«Երբ որ շները զգում են ոչնչացման վտանգ, նրանք կրկնակի են բազմանում, այսինքն վտանգ չկա, որ նրանք կոչնչանան: Եվ հետո, իհարկե, որոշ քանակով անհրաժեշտ է, որ բակում լինեն շներ, որոնք կհսկեն տարածքը, որոնք թույլ չեն տա առնետներին բազմանալ ավելի մեծ քանակով: Բայց երբ որ մի շանը տանում ու սպանում են, իսկ տարածքում նորն է հայտնվում, ագրեսիվ է լինում բնակիչների նկատմամբ»,- ասաց նա:

 

Հարցին, թե արդյոք իրենք ուսումնասիրություն ունե՞ն, թե որքան թափառող շուն կա Երևանում և ինչ քանակությամբ ոչ ստերիլիզացված շներ են հարկավոր մայրաքաղաքին, նա պատասխանեց՝ ասելով, որ Մոսկվայում՝ 9 մլն-անոց քաղաքում հաշվառվել է 25 հազ. շուն, իսկ մեր 1 մլն-անոց քաղաքի համար ամեն տարի դուրս է գրվում 46 հազ. շան չափով գումար:

 

«Սա ոչ միայն ծաղրանքի արժանի թիվ է, այլ նաև աբսուրդի հասնող: Կարծում եմ քաղաքում 3-4 հազար շուն կլինի: Եթե 46 հազար շուն լիներ, չեմ կարծում, որ մենք հանգիստ կտեղաշարժվեինք: Իրականում 4000 շունը շատ չէ, քանի որ նրանք մեծ դեր ունեն առնետների ու ագռավների դեմ պայքարում: Բայց նրանցից ոչ ստերիլիզացվածների թիվը պետք է հասնի մինչև 2000-ի»,- ասաց նա: