Aravot.am «Սեպտեմբերի 20-ին կազմակերպվում է համազգային բողոք' հանուն Հայաստանի ազատագրման, անկախության»,- այսօր լրագրողներին իրազեկեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սա Րաֆֆու հավաքը չէ, կամ «Ժառանգության» հավաքը չէ, սա բոլորի հավաքն է, ովքեր մտահոգ են մեր երկրի ինքնիշխանությամբ եւ անկախությամբ: Ես այս հավաքի իրազեկողն եմ, բայց ոչ կազմակերպիչը:
Բոլորը՝ ազատամարտիկները, ուսանողները, պատմամշակութային արժեքների պաշտպանները, տրանսպորտային արդարության համար մարտիկները, բոլորը պիտի դուրս ելնեն հրապարակ, քանի որ մեր երկրի պետականությունը, ազատությունը եւ վերջին շրջանում՝ արդեն նաեւ անկախությունը, վտանգի տակ են»,- նշեց նա։
«Ժառանգություն» կուսակցության նախագահի խոսքով. «Հայաստանի այսօրվա իշխանություններն ապօրինի են, ինչն արտահայտվում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական ճակատում: Եվրոպական ուղղությունն իր որակով ավելի է համապատասխան Հայաստանի էությանը, թեև երաշխիքներ չկային, որ Եվրամիության կողմից առաջարկվող փաստաղթուղթը համապատասխաներ մեր շահերին»։
Հարցին, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես էլ իշխանափոխություն չիրականացրեց, բանախոսը չհամաձայնեց, որ իշխանափոխություն չի իրականացրել. «Իշխանափոխությունն արված է, մնում է այն գրանցել»:
«Ես գրեթե մենակ էի՝ առանց որեւէ քաղաքական ուժի աջակցության, ի տարբերություն մինչ այդ մյուս թեկնածուների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոնց շուրջ հավաքվում էին բոլոր մնացած ընդդիմադիր ուժերը: Միայն ժողովուրդն էր, որ գաղտնի կատարեց իր որոշումը: Սակայն ժողովուրդը պատրաստ չէր հրապարակելու իր գաղտնի որոշումը: Ես չունեի այլ ուժերի աջակցությունը, միայն՝ գաղտնի կերպով իր որոշումը տված ժողովրդի: Եվ ես պատրաստ չէի ժողովրդին տանել արյան բերան»,-եզրափակեց բանախոսը: