www.168.am Օգոստոսի 20-ին 27-ամյա Ա. Թ.-ն ինքնասպանության փորձ էր կատարել: Նա իրեն նետել էր Գարեգին Նժդեհի կամրջից: Ոստիկանության աշխատակիցները աղջկան մետրոյով տեղափոխել էին «Սասունցի Դավիթ» կայարան, ապա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: 168.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Վահագն Թոսունյանը ասաց, որ աղջիկն այժմ գտնվում է հիվանդնաոցի նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքում: «Ընդունվելիս հիվանդի վիճակը եղել է ծանր: Հիվանդի մոտ առկա են եղել բազմաթիվ կոտրվածնքեր, հիվանդը մեզ մոտ ընդունվել է վերակենդանացման բաժանմունք»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ հիվանդի մոտ ախտորոշվել է նաև զույգ կրունկոսկրերի կոտրվածքներ: Վ. Թոսունյանի տեղեկացմաբ՝ այնուհետև հիվանդին վիրահատություն է առաջարկվել, նրան վիրահատել են, որի ընթացքում մի քանի միջամտություններ են եղել, մետաղական կոնստրուկցիա է տեղադրվել՝ ողնաշարի ստաբիլությունը պահպանելու նպատակով: «Հիվանդի մոտ սահմանված է խիստ անկողնային ռեժիմ, քանի որ այդ կոտրվածքի պայմաններում իր մոտ ողնաշարը, ճիշտ է' ֆիքսացիա կատարվել է, բայց լիարժեք վստահություն չունենք, որ այդ ֆիքսատորը հետագայում նստելու ժամանակ չի տեղաշարժվի, դրա համար ինքը դեռևս ամենաքիչը 40 օր գտնվելու է խիստ անկողնային ռեժիմում, որից հետո նորից պետք է կատարվեն հետազոտություններ, տեսնենք՝ ողնաշարը ինչ վիճակում է, ըստ այդմ' հետագայում շարունակենք իր ռեաբիլիտացիայի խնդրի հարցը»,- նշեց նյարդավիրաբույժը՝ հավելելով, որ հիվանդի ոտքերի շարժումները պահպանված են, բայց նրա շարժումները բավարար չեն: Վահագն Թոսունյանը տեղեկացրեց, որ այժմ Ա. Թ.-ի վիճակը գնահատվում է հարաբերական բավարար՝ չնայած դեռևս կարող են լինել խնդիրներ կապված նրա առողջական վիճակի հետ. «Հետագայում կարող են բարդություններ առաջանալ, քանի որ իր մոտ ողնաշարի կոտրվածքը ֆիքսված է կոնստրուկցիայով, բայց դեռևս այդ ֆիքսացիան լիարժեք չէ, որպեսզի մենք հետագայում ասենք՝ ինքը խնդիրներ չի ունենալու»: Նեյրովիրաբույժի խոսքով՝ ինքը դեպքի մասին խոսել է հիվանդի հետ, ով ասել է, որ «թռել է մոստից», սակայն մանրամասներ չի ներկայացրել. «Շատ խորը հարցեր չեմ տվել, որովհետև ինքը չէր ուզում այդ հարցերին պատասխանել»: «Ողղակի երտասարդ ա, տարակուսանքի մեջ ա եղել, գնացել ա, չի ուզեցել գցի իրեն կամ ուզեցել է գցի, նեղվել է սոցիալական ապահովությունից թե ինչից' չգիտեմ»,- ասաց Ա. Թ.-ի հայրը: Այժմ հոր խոսքով՝ աղջկա հոգեկան վիճակը նորմալ է. «Ինքն էլ փոշմանել է, որ նման քայլի է գնացել»: Նրա խոսքով՝ որևէ նախանշան չի եղել, որպեսզի ինքը հասկանար՝ աղջիկը կարող է նման քայլի դիմել: