Գրպանի հեռախոսը զանգում է:
Ալո... Ապե՞ր... Բարեւ-բարլուս... Էդ խի լեզուդ կուլ տվիր... Բա քեզ չասի՞ն, որ իսկականից հետ եմ եկել... Կարծում էիր շուլուխ են արե՞լ... Առոք-փառոք, հըլը մի բան էլ ավել... Անունս ու պատիվս բարձրացավ... Փողի մասին էլ չխոսանք... Ինչ պըտի անե՞մ... Թազա բիզնես... Հըլը մարդ չգիտի, բայց քեզ կասեմ, որովհետեւ դու էլ կաս մեջը... Սատանաների վերապատրաստման ինստիտուտ եմ բացելու... Հա՛, հա... Սատանաների վերապատրաստման ինստիտուտ: Հերթով կբերենք ու խելք կսովորացնենք, թե չէ մեղք են, հարիֆ մեռնում են... Պայմանագիրն արդեն կնքված ա... Բա ո՞նց, մարդագլուխը հարյուր միլիոն... Ես ռեկտորը կըլնեմ, դու էլ ուսումնական մասի վարիչը... Վերջիվերջո դու էլ ես դոկտոր չէ՞, մի քիչ էլ գիտությամբ զբաղվենք... Էղավ, ապեր, սկսիր արդեն դասախոսական կազմը հավաքել... Ո՞նց թե որտեղից... Մեր քաղաքը սատանայական գիտությունների դոկտորներով ա լցված... Դե, գործի անցիր...
Հեռախոսը դնում է գրպանը, հայացքը նորից հառում երկինք:
Տեր Աստված, հիմա արի մի քիչ էլ դու խոստովանիր ինձ... Փոշմանել ես, չէ՞, որ մարդ արարածին ստեղծեցիր... Հը՛մ, «ի պատկերի իւրում»: Հա, պատկերը քոնն ա, բայց նե՞րսը... Ներսն ա կարեւոր... Պետք է՞ր քեզ, Տեր Աստված, մարդ կոչված հրեշին ինչո՞ւ ստեղծեցիր, քեզ համար հանգիստ ապրում էիր... Ես հիմա եմ հասկանում, թե ինձ ինչու Դժոխքում չպահեցիք... Էդ ուծացնելն ու քայքայելը ճիշտ են, ինձ որ ներս թողնեիր, հետո գլխիդ էիր տալու... Բայց հիմնական պատճառն այն էր, որ Դժոխքում այլեւս տեղ չկա, գերբնակեցված է... Գեր-գեր-գերբնակեցված... Ես իմացա, որ միլիոնից մեկին եք Դրախտ ուղարկում, էն էլ պայմանական, մնացած իննը հարյուր իննսունիննը հազար իննհարյուր իննսունիննը ուղարկում եք Դժոխք... Դրա համար էլ տեղ չկա... Դրա համար էլ ինձ նման արարածինՙ «հասարակության համար առանձնապես մեծ վտանգ ներկայացնող անձնավորությանը» անմահություն ես պարգեւում եւ հետ ղրկում...
Հիմա եմ հասկանում, թե ինչու մեր հասարակության մեջ տականքները գնալով շատանում են... Ուրեմն, ի՞նչ է ստացվում, որ ստորությունն անմա՞հ է... Իսկ պարկեշտությունը մահկանացո՞ւ... Չէ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով միտք եմ անում ու տեսնում, որ քո դրվածքը սխալ է... Ես, ճիշտ է, տականք եմ, բայց ապուշ չեմ... Եթե իսկապես ուզում էիր, որ այս աշխարհը «արցունքի հովիտ չդառնա», պիտի ճիշտ հակառակը լիներ, պիտի կարգին մարդկանց անմահություն պարգեւեիր եւ ոչ թե տանեիր մեր աչքից հեռու Դրախտում պահեիր... Ինչ որ է, քո ստեղծած աշխարհն է, ոնց կուզես պահիր... Իսկ ես իմ հաշիվը լավ գիտեմ... Բարեգութ Աստված... ( Հեգնանքով ): «Եվ մարդիկ կնմանվեն աստվածներին...» [Ծննդոց, Գ.5:]: Չէ մի հա՜... Տես, հանկարծ հակառակը չլինի... Ո՜վ ամենակարող, ո՜վ ամենակալ, ո՜վ ամենաստեղծ, ո՜վ ամենաբարձրյալ... Հա՛, հա՛, հա՛...
շարունակելի
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ