«Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու և Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ ինքն իրոք գիշերային պայմաններում մոլորվել և անցել է այնտեղ: Անցնելուց հետո մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել նրա ետ վերադարձնելու հարցին դրական ընթացք տալու համար»: Այս մասին այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինիս խոսքերով` դրա հիմնական խոչընդոտը պետական կապի բացակայությունն է Ադրբեջանի ղեկավարության հետ:
«Մենք դա կարող ենք իրականացնել միջնորդավորված: Միջազգային կազմակերպություններն իրենց առջև դրված խնդիրները մինչև հիմա իրականացրել են: Մի քիչ դանդաղ ընթացք է եղել այն պատճառով, որ Ադրբեջանում տեղակայված Կարմիր խաչի անդամները հնարավորություն չեն ունեցել անմիջապես հանդիպել Հակոբին, բայց հանդիպելուց հետո բոլոր կապի միջոցները' նամակագրությունը մինչև այսօր իրականացվում է, և մենք պայքարում ենք, որ նա վերադառնա Հայաստան:
Ադրբեջանի ղեկավարությունը ասում է, որ նա ցանկանում է երրորդ երկիր գնալ, մեր կողմից ես հետևյալ արտահայտությունն եմ արել, որ Հակոբի նկատմամաբ իրավական հետապնդում երբևիցե չի լինի, քանի որ նա մոլորվել է և երբևիցե ՀՀ զինված ուժերի իրականության ընթացքում Ադրբեջանի սահմանը մոլորված զինծառայող իրավական հետապնդման չի ենթարկվել», - ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց նաև, որ ինքը չէր ցանկանա, որ որևիցե մեկը ընկներ և Հակոբի տեղը լիներ գերեվարման մեջ: «Մենք մինչև այսօր էլ չգիտենք, թե ինչպիսի ճնշումների տակ է, բայց մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող է գործադրվել նրա նկատմամբ: Այդ ճնշումների տակ, Ադրբեջանի հեռուստատեսությամբ ներկայացված տարբեր արտահայտությունները Զինված ուժերի նկատմամբ, կարծում եմ, մենք պետք է ընդունենք որպես նորմալ երևույթ, քանի որ ըստ ծնողների էլ' իրականությունն այլ է, և նա որևէ բողոք չի ունեցել», - ասաց Օհանյանը: