Հայաստանի դատական դեպարտամենտում չեն մեկնաբանում այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը շուտով պաշտոնանկ կարվի:

Հիշեցնենք' «Հայկական ժամանակը» գրել էր, որ ՀՀ դատական դեպարտամենտում բացահայտված կոռուպցիոն սկանդալից հետո, որի մասին պաշտոնապես հայտարարվեց մի քանի օր առաջ, ակտիվորեն քննարկվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հարցը:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ Panorama.am-ին ասաց, որ չի մեկնաբանում «հնարավոր լուրերն ու գուշակությունները»: «Շուրջ 4-5 տարի է' պարբերաբար այսպիսի խոսակցություններ են տարածվում, իսկ «հնարավոր»-ով տեղեկությունները ես չեմ կարող մեկնաբանել»,- հավելեց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում. քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: