«Մեծարգո′ պարոն Նախագահ,
գրում ենք մի փոքր հիասթափված և ընկճված, բայց մեծ հույսով և ակնկալիքներով: 2013թ. սեպտեմբերի 13-ին մեզ պահնորդներին կանչեցին ոստիկանության ակադեմիա լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ: Մենք ոստիկան չենք, մենք պահնորդ ենք:
Եվ մենք, կաշկանդվելով պաշտոնյա ոստիկաններից չկարողացանք հանձնել քննությունը, չնայած ունենք լավ մասնագիտական գիտելիքներ և փորձ: Մենք բոլորս սովորել ենք լիցենզավորված «Բերկուտ» քոլեջում և հանձնել ենք բոլոր քննությունները դրական և չենք հասկանում, թե ինչու ենք գնում ոստիկանություն լրացուցիչ քննություն հանձնելու:
Ամբողջ ցավը նրանում է, որ մենք կարող ենք վերահանձնել քննությունը առնվազն 2 ամիս հետո, այսինքն մենք առնվազն 2 ամիս պետք է չաշխատենք և սպասենք, թե երբ մեզ կկանչեն քննության: Իսկ ով է պահելու մեզ և մեր ընտանիքները: Փաստորեն, աշխատատեղեր բացվելու փոխարեն նրանք կրճատվում են, ինչի արդյունքում հարյուրավոր պահնորդներ զրկվելու են աշխատանքից և արտագաղթել: Մինչ օրս մենք պահնորդ աշխատելով հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:
Խնդրում ենք Ձեզ, օգնել մեզ և վերանայել պահնորդական գործունեության մասին օրենքը և հեշտացնել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, ինչով Դուք կօգնեք հարյուրավոր պահնորդներին և նրանց ընտանիքների անդամներին ապրել և աշխատել Հայաստանում»:
Պահնորդներ