«Քրդերը զգում են իրենց պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ»: Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մոտակայքում ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Դեռևս երկու տարի առաջ հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը նշեց, որ կցանկանար, որ քաղաքում կանգնեցվեր Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Այս հայտարարությունից շուրջ երկու տարի հետո մեկնարկեցին հուշարձանի ստեղծման աշխատանքները»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Բանախոսը նշեց, որ հուշարձանը տեղադրվել է Դիարբեքիրի կազմի մեջ մտնող Սուր քաղաքում:

«Հուշարձանի տեղադրման որոշումը կայացվեց Սուր քաղաքի քաղաքային խորհրդի կողմից: Խորհրդի կազմի մեջ մտնում են Դիարբեքիրում ապրող բոլոր ազգությունների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ' հայեր, եզդիներ հրեաներ ասորիներ, քրդեր, թուրքեր: Եվ բոլորի համաձայնության արդյունքում բացվեց այս հուշարձանը»,- նշեց Ա. Իսպիրյանը:

Բանախոսը նշեց, որ սկզբում որոշվել էր հուշարձանը անվանել «Համատեղ ցավերի հուշարձան», հետո անվանումը փոխվեց' դառնալով «Համատեղ խղճի հուշարձան»' նվիրված կոտորված բոլոր ազգերին' հայերին, հրեաներին, քրդերին, եզդիներին:

Վերջինիս կարծիքով, հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակները թուրքական իշխանությունների հակազդեցությանը չհանդիպելու նպատակով դիտավորյալ խուսափել են ցեղասպանություն եզրույթից:

«Բացվածը իրականում Ցեղասպանության հուշարձան չէ, նրա վրա նման բան գրված չէ ու դա, բնականաբար, մեզ բավարար չէ»,- նշեց Ա. Իսպիրյանը:

Փորձագետի համոզմամբ, ներկայումս քրդերը զգում և գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության իրագործման մեջ:

«Դիարբեքիրի քաղաքապետի հետ բազմիցս հանդիպել եմ, խոսել տարբեր առիթներով, վերջինը հուշարձանի բացման ժամանակ էր: Դիարբեքիրի քաղաքապետն ասում է' մենք դեմ ենք մեր պապերին, որոնք մասնակցել են հայերի կոտորածին ու նաև այնտեղ շատերն ասում են, որ շնորհակալ են նրանցից, որոնք փորձել են օգնել հայերին: Նրանց մոտ ներքին խղճի խայթը կա, հայերի նկատմամբ անեծքից պրծնելու զգացողություն կա ու օրինակ, եկեղեցին նորոգելով, կարծես փորձում են իրենց խիղճը վերանորոգել: Քրդերն ասում են' դուք գնացիք, իսկ մենք' կորցրեցինք, մենք դեռ չենք վայելում հայերի հողերը» ,- ասաց Ա. Իսպիրյանը: