Hetq.am Հարցազրույց «Համազգային» հիմնադրամի նախագահ, ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ

Մենք մեզ ենք պարտվել

-Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ակտիվություն, ընդվզման ալիք նկատո՞ւմ եք հասարակության մեջ:

-Ակտիվություն նկատելի էր քաղաքական, բայց ոչ լայն հանրության շրջանակներում։ Ցավոք, անկախության 22 տարիներին մեզ խորապես հաջողվեց Հայաստանում զանգվածային հուսահատության և հոռետեսության մի մթնոլորտ ստեղծել, երբ հասարակության ճնշող մեծամասնության համար Հայաստանում կատարվող դեպքերն այլևս անտարբերությամբ, բացասական իմաստով հանդուրժողականությամբ և հոռետեսությամբ են ընկալվում: Երբ բոլոր արդար պայքարները՝ իրավունքի, ժողովրդավարության, մշակութային ժառանգության, քաղաքաշինական այլանդակությունների, նորմալ երկիր ունենալու, համատարած խոցերով պատված երկրում որևէ բան փոխելու համար բախվում են ամենաթողության չինական պատին, այլևս դժվար է լինել այդքան համառ ու հավատացած քաղաքացի:

Ներքին պարտության այս մթնոլորտում հասարակությունը խորապես անտարբեր է: Սա, իսկապես, վտանգավոր է. ռազմավարական զինանոցում կարևոր է ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրը: Այսօր մենք ինքներս մեզ ենք պարտվել: Ժողովուրդը չի տեսնում իր հարցերի լուծումը սեփական հայրենիքում,չի հավատում իր միջոցով լավ երկիր կառուցելու հեռանկարին՝ նախընտրելով Հայաստանից հեռանալու ճանապարհը: Թերևս հանրային «չընդվզումը» բացատրում եմ նաև նրանով, որ պարզապես մեր հասարակությունը հյուծվեց ամեն Աստծո օր իշխանության կողմից նետված անակնկալներից և օազիսային պայքարներից: Հասարակությունն իրեն որոշիչ չի տեսնում, իրեն քաղաքացի չի զգում:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր կետում պարտվեց հասարակությունը, և արդյո՞ք նման պարտված հասարակությունը շահավետ չէ այսօրվա իշխանություններին:

-Պարտված քաղաքացին բացարձակապես շահավետ չէ ազգային պետությանը, որովհետև քո քաղաքացին քո հարստությունն է, քո ողնաշարն է: Միգուցե այդպես իշխանություն պահելու ժամանակավոր խնդիր ես լուծում, բայց ծանր ենք հատուցելու սեփական քաղաքացուն դարձնելով հաճկատար, անհիշատակ, անհիշողություն, անապագա, անպատասխանատու: Շատ դժվար խնդիր է, քաղաքական մարդն իրավունք չունի մեղադրելու հասարակությունը, որովհետև քաղաքական էլիտան է նաև պատասխանատու հասարակություն ներմուծված արժեքների համար: Բայց մյուս կողմից՝ հասարակությունն արժանապատվություն պետք է ունենա, ինքնակազմակերպված քաղաքացիական ընդվզում՝ հասկանալու համար, որ 5-15.000-դրամանոց ձայների արդյունքը 5 տարվա լռությունն է, ինքնաոչնչացումը: Սակայն վաղուց այդ 5 տարիները դարձել են երկար ժամանակի համար ճակատագիր: Սա ներքին պարտություն է: Մենք մեզ ենք պարտվել:

Իմ ընդվզումը կամ քաղաքացու վիրավորանքը մեր «կեսգիշերային անակնկալների» շարքից է

-Ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության դեպքում:

-Բովանդակային դատողություններ չեմ կարող անել, որովհետև որպես այդպիսին իրավական փաթեթ չկա։ Առայժմ Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Իմ ընդվզումը կամ քաղաքացու վիրավորանքը մեր «կեսգիշերային անակնկալների» շարքից է: Հայ ժողովուրդն արթնանում է մի օր և բացահայտում, որ մեր կողմնորոշումը դեպի Մաքսային միությունն է՝ ամբողջությամբ անորոշ, չբացահայտված, համոզում չդարձած մի կեցվածքով, իսկ օդում սավառնող հիմնական մոտիվիացիան անվտանգության երաշխիքն է:

Ընդունում եմ, որ անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք. տարածաշրջանային զարգացումներ, հարևանության հետ չլուծված կոնֆիլիկտներ և այլն: Բայց գրեթե 4 տարի եվրոպական վեկտորն էինք ընտրել որպես քաղաքական արժեքների փաթեթ, քայլ-քայլ բանակցել ենք, ճակատամարտի համարժեք էներգիա ենք կորցրել միջազգային բոլոր հարթակներում, քաղաքական բոլոր ձևաչափերում փորձել ենք պաշտպանել մեր շահը, մեր արժանապատվությունը, և հանկարծ կտրուկ փոխում ես վեկտորդ՝ անհասկանալի թե՛ եվրոպական ընտանիքի, թե՛ քո քաղաքացիների համար: Այս քաղաքական վարքագիծը բնորոշ է ոչ ժողովրդավարական երկրին: Քաղաքացին, ըստ էության, բացի իր գրանցումից՝ որևէ կապ չունի, իսկ քաղաքացին ունի պարտականություններ, իրավունքներ իր ճակատագիրը որոշելու գործիքներ:

Շարունակությունն` այստեղ: