«ՀԱԿ-ը ո՞նց կարող է խանդով ինքն իր մի մասին վերաբերվի: Ես չգիտեմ, ուրիշ մարդիկ միգուցե ունեն անձնավորության երկակում կամ նման հոգեբանական երեւույթներ, Կոնգրեսը նման բան չունի: Կոնգրեսի մի մասն է կազմել ՀՀՇ-ն, եւ ՀՀՇ-ն այլ քաղաքական ուժերի հետ միավորվել է ՀԱԿ կուսակցության մեջ: ՀԱԿ-ը չի կարող խանդով վերաբերվել իր մի մասին: Դա աբսուրդ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց Կարապետ Ռուբինյանի այն տեսակետին, որ ՀԱԿ-ը վերածնվող ՀՀՇ-ին խանդով է վերաբերվում:


Պարոն Ռուբինյանը tert.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ի ծրագիրն այն էր, որ փակեն ՀՀՇ-ն, բայց միեւնույն ժամանակ հայտարարեին իրենց իրավահաջորդ, եթե հարմար լիներ. «Եթե հարմար չլիներ՝ կասեին, որ մենք նոր կուսակցություն ենք: Հիմա արդեն ինչ-որ ձեւով այդ ծրագիրը կխոչընդոտվի, եթե նոր ՀՀՇ լինի: Ինչ-որ խանդ, ինչ-որ դժկամություն կարա լինի, ու դա բնական է: Կարան ՀՀՇ-ի վերածննդին այդպես նյարդային վերաբերվեն»: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Կա իրավական ժառանգորդության հարց, քաղաքական ժառանգորդության հարց: 1988-ին այդ շարժումը ղեկավարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա՝ քաղաքական մասը: ՀՀՇ-ն, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծամասնությունն այսօր էլի մեր շարժման հետ են, եթե այդպես խորհրդանշական փաստեր վերցնենք: ՀՀՇ-ն ճնշող մեծամասնությամբ, պահպանելով օրենքի բոլոր կանոնները, մոտավորապես մի քանի 100 ձայնը՝ 6-ի դեմ ընդունել է որոշում՝ վերակազմավորվելու, մաս դառնալու Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Նրանք, ովքեր իրավունք ունեին եւ ունեն խոսելու Հայոց համազգային շարժման անունից, այդ մարդիկ արտահայտվել են: Ընդ որում, չեն արտահայտվել ասուլիսներում կամ թերթերում, արտահայտվել են կանոնավոր, օրինական քվեարկության ժամանակ: Արտահայտվել են այնպես, որ բոլոր ընդդիմախոսներին կարելի է ջախջախված համարել: Եթե դեմ է քվեարկել ընդամենը 6 մարդ, դա արդեն ցույց է տալիս, թե ով ինչ իրավունքներ ունի խոսելու: ՀՀՇ-ն մեր ՀԱԿ կուսակցության ե՛ւ մասն է կազմում, ե՛ւ պատմական անցյալի մասն է կազմում»:

Մանրամասն՝ այստեղ: