Հայ ժողովրդի պատմությունը լեցուն է հերոսական դրվագներով, Հայրենիքի նվիրյալներով և Հերոսներով: Հաճախ տուրք տալով քաղաքական տարաբնույթ հոսանքների այսրոպեական շահերին՝ ոմանք պղծում, աղավաղում, իրենց նեղ անձնական շահերին են հարմարեցնում մեր ժողովրդի հերոսական անցյալը, խմբակային շահերի համատեքստում են մեկնաբանում մեր պատմության հերոսապատումները՝ իրենց իրական հերոսներով:

 

Ժամանակն է, որ հայ ժողովրդի զավակների սխրանքը գնահատվի ըստ արժանվույն, և նորագույն ժամանակների Հայոց պատմությունը ներկայացվի ճշմարտացի, մաքուր, առանց զեղումների...

 

Lurer.comՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ սկսում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

 

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Վազգեն Սարգսյանը ծնվել 1959թ. մարտի 5-ին Արարատ գյուղում:

1976-80թթ. սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

1979-1983թթ. դասավանդել է Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում:

1983-86թթ. աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում հրապարակախոսության բաժնի վարիչ:

1990-ից «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր:

1991թ. դեկտեմբերի 5-ից մինչև 1992թ. հոկտեմբերի 20-ը վարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 1992-ի հոկտեմբերից 1993-ի մարտը եղել է նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական և սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը, իսկ 1993թ. մարտից 1995թ. մարտն ընկած ժամանակահատվածում' ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար:

 

1993թ. հուլիսից մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը եղել է «Երկրապահ կամավորականների միության», ՀԿ նախագահ: 1995-ի հուլիսից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

01.06.99թ.-27.10.99թ եղել է ՀՀ վարչապետ:

Վազգեն Սարգսյանը բնավորությամբ ուժեղ, չընկճվող, ուղիղ և միշտ առաջ նայող մարդ էր, նա երբեք հաշվի չէր նստում մանրաճղճիմ հարցերի հետ, այլ միշտ խորհում և առնչվում էր ավելի մեծ' հանրային, ազգային, հասարակական հարցերի հետ:

 

Նրա երակներում արդարության, խաղաղության, միաբանության, նվաճման արյունն էր հոսում: Վազգեն Սարգսյանը հասարակության մեջ ճանաչվեց նաև որպես գրող-լրագրող, իսկ 1985թ. դարձավ Հայաստանի գրողների միության անդամ:

1987-ին իր լույս ընծայած «Հայի փորձություն» գրքի համար արժանացավ Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին:

Հայրենասիրությունն ամեն բանից վեր էր Վազգենի համար, նա անտարբեր չէր կարող անցնել իր ազգի ճակատագրի կողքով, և դա համարելով իր կյանքի նպատակը'խառնվեց այդ ճակատագրին:

 

Անկախության շեմը նոր ոտք դրած ու դեռ խառնված պետությունը կազմավորելու և պաշտպանելու համար 2 տարբերակ կար' մեկը' քաղաքական ճանապարհով լուծումը, մյուսը' ռազմական: Առողջ միտքն ու բանականությունը նրան տարան երկրորդ ճանապարհով, և նա, առանց ժամանակ կորցնելու, ձեռնամուխ եղավ անկազմակերպ, խառնված հայրենասեր խմբերին միավորելու, կանոնավորելու, որովհետև շատ լավ էր հասկանում, որ այդպիսի թշնամու առաջ քաղաքական բանակցություններով չէս կարող կանգնել:

 

Միայն հայդուկների գերմարդկային սխրանքների և զենքի միջոցով պետք է ճնշվեր թշնամին, ու հաստատվեին հայոց սահմանները: Ահա այս մեծ գիտակցումն էր, որ նա ողջ մի քաղաքական կուսակցության չտրվեց և թույլ չտվեց, որ այն մտնի բանակ.

 

«Անկախ ամեն քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից' դուք հայկական բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, նրա սահմաններն ու հայ ժողովրդի անձեռնմխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կտանի մեզ կործանման:

 

Եթե զինվորները խառնվեցին քաղաքականությանը, երկիրը կկործանվի: Խնդրել եմ, խնդրում եմ ու կպահանջեմ' հեռո´ւ մնացեք որևէ քաղաքական կուսակցության անդամ դառնալուց, իսկ ովքեր բանակի մեջ կփորձեն կուսակցություն մտցնել, գաղափարախոսություն տանել, նրանք կճանաչվեն որպես դավաճաններ և կպատժվեն համաձայն քրեական օրենքի: Իմ կամավորական հրաշալի ընկերներին կխնդրեմ, որ իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր ազգակիցների մեջ թշնամի մի´ փնտրեք»:

 

Քաղաքականությունը Վազգեն Սարգսյանի տարերքը չեր, նա չէր կարող հանձնվել կուսակցության կամայականություններին, շլանալ փառքի աթոռներով: Նրա պայքարը երկրի անվտանգությունն էր, անցյալի պատմությունը չկրկնվելու և պետականության վաղվա օրը չվտանգելու համար էր:

 

 

Հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու բարձր գիտակցումն էր նրան մղում դեպի մարտի ամենաթեժ կետերը, որտեղ կարող էր հուսալքում և վախ առաջանալ: Բայց այդ հատկանիշները նրա համար չէին: Վազգենն իր շուրջը հավաքեց իր նման մտածող 500 հոգու, որոնք կազմեցին մահապարտների ջոկատ ու կռվեցին այն բոլոր տեղերում, որտեղ մահն ու կյանքը դեմ առ դեմ էին միշտ դուրս գալիս: Չէին վախենում նրանք մահվան աչքերից, նրանց գլխի մեջ միայն հաղթանակն էր պտտվում, կրծքի տակ դյուցազնական սիրտն էր բաբախում, իսկ աչքերի մեջ ազատ, անկախ, միավորված հայության հույսն էր բոցկլտում:

 

Հայրենասիրության, զենքի զորության և անկոտրում կամքի արգասիք եղավ 1992-ի մայիսի 8-ի առավոտյան հատուկ մշակված 4 ուղղություններով սկսված գրոհը և Շուշիի ազատագրումը: Այս պատմական մեծ մարտարվեստին մասնակից եղան Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, որն առաջինը իր ջոկատով մտավ Շուշի, և շատ ու շատ երդվյալ հայորդիներ, որոնց անունները մինչև վերջ էլ կենդանի կմնան հայ ժողեվրդի հիշողության մեջ: Փառք ու պատիվ ձեզ, հայո´ց արծիվներ:

 

Նույն ամսի 9-ին և 10-ին սկսվեց Լաչինի ուղղությամբ գրոհը. թշնամին խուճապի էր մատնվել, փախչում էր' զենք-զինամթերքը թողած: Գրավվեց միակ հողային ճանապարհը, որը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապողն էր: Թշնամին խայտառակ պարտություն կրեց Քելբաջարի տարածքում:

 

Իրադրությունը փոխվեց, պարտությունն իր մեջքը դարձրեց հայերին:

 

Ոչ մեկը դրսից չուսանեց հայերին այս մարտարվեստը, այլ միայն հայրենիքի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը, գոյատևելու և սերունդներին ու աշխարհին ցույց տալու հայ շինականի ոչ միայն արարչությունը, այլև' հպարտ, հանդուգն ու զորեղ հոգին:

Այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանը չէր դադարում կանոնավոր բանակի կազմավորման մտքից: Նա գիտեր, որ միայն ուժեղ բանակն է երկրի ուժը, ներկայացուցիչը աշխարհում, երկրի մասին տպավորությունն ու կարծիքը բանակով է ստեղծվում: Որքան էլ դա անհավանական էր թվում քարուքանդ եղած երկրի պայմաններում, այնուամենայնիվ, այն ստեղծվեց, և 1994-ից հայոց բանակը սկսեց վերընթաց ապրել:

 

Վազգեն Սարգսյանն իր մարտընկերների հետ միասին առաջին պլանում դրեցին բանակի մարտունակությունը, զենքին կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները: Այս նկատառումով նա հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում' համատեղ զորակցություն ստեղծելու համար: Սրա հետևանքով եղավ հայ-ռուսական համատեղ զորավարժություններ, դաշնակիցական պայմանագրերի կնքում, բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք շարունակվում և կատարելագործվում են մինչև օրս:

 

Վազգեն Սարգսյանը վարպետորեն և մեծ իմաստությամբ կարողացավ իրար մոտեցնել կանոնավոր բանակի սպայական կազմն ու երկրապահներին, և նրանց մեջ դրեց այն միտքը, որ կա միայն մեկ ազգ, մեկ նպատակ, մեկ պայքար: Շատ մեծ էր նրա հայրենի սահմանները թշնամու ոտնձգություններից պաշտպանելու և կռվի պահերին հայ քաջազունների չհուսահատվելու և հաղթական կռվելու գործում: Դուրս եկավ բոլոր դժվարություններից, բոլորի հետ միասին տոնեց հայոց մեծ հաղթանակն ու անցավ իշխանության գլուխ: Քաղաքականությունը նրա գործը չէր: Նրա պայքարը զոհված եղբայրների երազած հայրենիքը կառուցելը, ազգին միաբանելը, նվիրման, համբերության ու քրտնաջան աշխատանքի կոչելն էր: Բայց ավաղ…

 

Ի՞նչ գիտեր, որ իր իսկ գրած «Հացի փորձություն» գրքի հերոսի ճակատագիրն է ունենալու, որ Հրայրի նման ինքն էլ զինվոր է դառնալու և քաղաք ու գյուղ, լեռ ու կիրճ չէր մնալու, որտեղ թշնամու դեմ կռված չլիներ, որ մի հարյուր անգամ մահը ժխտած, աչքով արած ու անցած չլիներ: Ժպտացել, վախեցել ու անցել էր, որ կռվից հեռու, խաղաղ լույս-օրով անսպասելի վրա տա, որ քաջ իգիթը շրջվելու ու զարմանալու ժամանակ էլ չունենա: Նա ընկավ, հերոսի նման զոհվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նույն թվի դեկտեմբերին Մեծ սպարապետը հետմահու արժանացավ Հայաստանի «Ազգային հերոս» կոչմանը և «Հայրենիք» շքանշանի:

Ի՞նչ էր մտածում Մեծն սպարապետը

 

«Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հույսը: Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ հաճելի հույս է: Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային: Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում: Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է: Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին: Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք, փառք Աստծո, վատ չկռվեցինք»:

 

***

«Ես ուզում եմ ասել, որ պատերազմի ընթացքում կորցրել եմ իմ ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ կարող էի' ձեռք եմ բերել հպարտություն, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, և իմ նպատակի ճանապարհին ինձ ոչ ոք լռեցնել չի կարող, հանգի´ստ եղեք»:

 

***

«Հավատացե´ք, 50, 500 ևս 5000 տարի, հավերժ Շուշին հայկական է լինելու: Դրա ամենափայլուն օրինակը մայիսի 9-ին Ստեփանակերտում կայանալիք ռազմական շքերթն է լինելու: Ով աչք ունի, թող տեսնի, ով սիրտ ունի, թող ցնծա ուրախությունից: Մենք հաղթել ենք, մենք վերջնականապես հաղթելու ենք 20-րդ դարում»:

 

«Վախենում եմ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի ճակատագրի համար: Մեղրու իննհարկանի շենքերին նայում եմ ու վախենում անպատիժ անպատասխանատվությունից: Նոր երկրաշարժից եմ վախենում, հինի հետևանքներից: Վախենում եմ մեր' խելքի չգալուց: Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում' բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն): Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո' էլի մեկ-մեկու անվերապահորեն սիրել, ներել, հանդուրժել չսովորեցինք»:

 

***

 

«Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել, Աստված գիտի' ինչ է անելու: Մենք մի քիչ թուլացանք' պարտվելու ենք: Զգոն եղե´ք, չպարտվենք: Մտածեք էս երկրի մասին: Մտածե´ք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը»:

 

Փա´ռք քեզ, հայոց քաջարի Սպարապետ..