Արդեն երեք շաբաթ Էջմիածնի խանութներում ամենաչճարվող ապրանքը դարձել է ձուն:
Այս մասին գրում է 168.am-ը։
Խանութի վաճառողները պատասխան չունեն, ասում են' մենք էլ չգիտենք, թե ինչու ձու չկա:
«Չենք ստանում, ասում են' այս պահին ֆաբրիկայում ձու չկա, ու լսափողն անջատում են»,- պատմում են խանութի աշխատակիցները: Ձու խանութներին տրվում է սահմանափակ քանակով ու ավելի թանկ գնով: Եթե մի քանի ամիս առաջ Էջմիածնում ձուն արժեր 60-65 դրամ, ապա այժմ քաղաքի խանութներում 80 դրամից ցածր գնով ձու դժվար կարողանաք գտնել: Խանութի աշխատողների խոսքերով, իրենց ավելի թանկ են տրամադրում, դրա համար էլ ձվի գինը թանկացել է:
Թե ի՞նչ հիմնավորմամբ' խանութի աշխատակիցներին պարզաբանում չեն տվել:
Արմավիրի մարզին ձու մատակարարում է «Արաքս» թռչնաֆաբրիկան: Մեր ջանքերը՝ որևէ պարզաբանում ստանալ կազմակերպությունից, անցան ապարդյուն: Նախ կազմակերպությունից տեղեկացրեցին, որ տնօրենը քաղաքում չէ և չի կարող հարցերին պատասխանել: Հետո արդեն ընկերության պատասխանատուներից մեկը տեղեկացրեց, որ ձվի գնի ու քանակի մասին համապատասխան մարմինները տեղյակ են: Զրուցակիցը, ով հրաժարվեց ներկայանալ ու ներկայացնել իր պաշտոնը, չմանրամասնեց, թե համապատասխան մարմինն ո՞վ է, ու ինչո՞ւ ոչ ոք այդ հիմնավորումներին ծանոթ չէ: Ձվի թանկացումից տուժում են հատկապես թոշակառուները: Նրանց խոսքով՝ մսամթերք, երշիկեղեն ու կաթնամթերք գնելու համար գումարը չի բավականացնում, մինչդեռ ձուն շատ հարմար է:
Ամբողջությամբ սկզբնաղբյուրում։