Tert.amՎաղը հրավիրվելիք Եպիսկոպոսաց ժողովի «շրջագծում» քննարկվելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցը, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին քննարկել է: Այս մասին Tert.am-ին ասաց Մայր Աթոռի տեղակատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Բանն այն է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առջև ծառացած խնդիրներից մեկը սրբադասման ավանդության վերականգնումն է: «Որովհետև հայ եկեղեցում սրբադասում չի արվել 15-րդ դարից հետո։ Վերջին սրբադասված հայազգի սրբերն են Հովհան Որոտնեցին և սուրբ Գրիգոր Տաթևացին: Այդ առումով ևս, երկու հայրապետների կողմից ստեղծվեց միացյալ հանձնախումբ, որն արդեն մի քանի տարի է՝ աշխատում էր և այս ժողովին ներկայացնելու է իր առաջարկները սրբառաջարկման ավանդության վերականգնման վերաբերյալ»,-ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն:
Տեր Վահրամն ավելացրեց. «Այս մասին օրինակ՝ կարող ենք հիշատակել Վազգեն Վեհափառի և Գարեգին 2-րդ կաթողիկոսի հայտարարությունը, որտեղ նրանք նշում էին, որ ժամանակն է եկել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ: Ուրախալի է, որ 2006թ-ից ստեղծվեց սրբադասման հանձնաժողովը, որը աշխատանքներ է կատարել, մի շարք առաջարկություններ փաթեթի ձևով ներկայացվել են Եպիսկոպոսաց ժողովին: Եվ ըստ այդմ՝ պետք է քննարկվի, թե ինչպե՞ս պետք է կատարվի այդ սրբադասումը, ինչպիսի՞ կեցվածք է լինելու ապրիլի 24-ի նկատմամբ, ա՞յլ օր է սահմանվելու է, թե ապրիլի 24-ին է լինելու հիշատակումը, լինելու է դա խմբակա՞յին սրբադասում, թե անհատների սրբադասում, այսինքն՝ այս ամենի պատասխանները մենք կստանանք առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին»:
Տեր Վահրամը նշեց, որ այս խնդրին ժամանակին անդրադարձել են Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոսը, Գևորգ 5-րդ կաթողիկոսը, և հետագայում Վազգեն Վեհափառի ժամանակ էլ հարցը քննարկվել է, սակայն որևէ ընթացք չի տրվել. «Եվ, ահավասիկ, այս ժողովին պետք է քննարկվի և համապատասխան հանձնարարականներ տրվեն, որով առաջիկայում կվերականգնվի սրբադասման կարգը»:
Եպիսկոպասաց ժողովի օրակարգում են լինելու նաև այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերները, որոնք ըստ Տեր Վահրամի՝ վերաբերում են հոգևոր կյանքին, բարոյականությանը, սոցիալական խնդիրներին ու արժեքային համակարգին։
«Այդպիսով, անդրադառնալով այդ ամենին, ստեղծելու են հաջորդ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգը, որտեղ ևս այդ առնչությամբ պետք է քննարկումներ լինեն, հստակեցնեն դիրքորոշումներ և հրապարակեն ի պետս մեր ժողովրդի»,-նշեց հոգևորականը:
Ի պատասխան հարցի, թե նկատի ունի արվամոլություն, համասեռամոլություն, անբարոյականություն և այլ երևույթնե՞ր, Տեր Վահրամն ասաց. «Տարբեր խնդիներ են քննարկվելու, որոնց վերաբերյալ Եպիսկոպոսաց ժողովը որոշումներ պետք է կայացնի։ Հնարավոր է, որ այդ ամենը տեղ գտնի, այս պահին չեմ կարող ասել, քանի որ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ լինելու են զեկույցներ, և Եպիսկոպոսաց դասն ի՛նքն է որոշելու՝ ինչ առաջնահերթությամբ պետք է քննարկվեն բոլոր այդ խնդիրները և ինչ պարբերականությամբ»:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին և կշարունակվի մինչև սեպտեմբեր 27-ը՝ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ:
Ինչպես Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց՝ ընդհանուր եպիսկոպոսների թիվը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում 75 է, այդ թվում՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, սակայն ժողովին ներկա են լինելու 62 անձ՝ Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություններից:
Նշենք, որ մեկ ամիս առաջ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օգոստոսի 28-29-ը գումարվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից նշանակված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի ժողովը: Ժողովին մասնակցել են նախապատրաստական հանձնախմբի անդամներ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և սրբադասման ու ծիսական բարեկարգության հանձնախմբերի անդամներ' Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գերաշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:
Ըստ Վահրամ քահանա Մելիքյանի՝ Եպիսկոպոսաց ժողովին քննարկվելիք մյուս հարցերի թվում քննարկվելու է Սուրբ Մկրտության խորհրդի փաթեթը:
«Որովհետև Սուրբ Մկրտությունը Հայաստանյայց Եկեղեցու առաջին խորհուրդն է, և քննարկվելու է ծեսի միօրինակությանն ուղղված կատարված աշխատանքները: Կատարվել է Սուրբ Մկրտության խորհրդի կամ ծեսի կատարման բնագիր, ինչպես նաև ներկայացվել է Մկրտության խորհրդին առնչվող ուղեցույց հոգևորականների համար և նախա-մկրտական ուսուցողական ձեռնարկ՝ մկրտության պատրաստվողների և կնքվողների համար»,-ասաց Տեր Վահրամը:
Քահանան հավելեց, որ փաստաթղթերը Եպիսկոպոսաց ժողովի համար պատրաստվել են երկու կաթողիկոսությունների կողմից ստեղծված ծիսական հանձնաժողովների կողմից։
«Այդ երեք փաստաթղթերը պետք է քննության առնվեն և եպիսկոպոսների քննության հիման վրա վերջնական տեսքի բերվեն և ընդունվեն Եպիսկոպոսաց ժողովի կողմից, որպեսզի գործածության դրվեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցիներում»:
Ի պատասխան հարցի, թե մկրտության տարբեր կարգե՞ր են գործում Հայաստանյայց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների հոգևորականների կողմից, Էջմիածնի տեղակատվական համակարգի ղեկավարն ասաց. «Տարբեր կերպ են մկրտությունները....եկեղեցու կողմից տարբեր ժամանակներում հրատարակվել են ծիսարաններ, որոնք կոչվում են Մաշտոցներ և տարբեր ծիսարաններում այդ մկրտության ծեսը տարբեր կերպով են կատարվում, տարբեր միավորներ կան, որ ծեսի մաս են կազմում։ Օրինակ՝ Մաշտոցներ, որոնք տպագրված են 17-րդ դարում, կամ Մաշտոցներ, որոնք տպագրված են 19-րդ դարում:
Դրանցում ակնհայտորեն տարբերություներ կան, և ժամանակի ընթացքում ստեղծվել են հանձնախմբեր, որոնք քննարկել են ծեսն ավելի ամփոփ ու կարճ դարձնելու, ժամանակին համապատասխանեցնելու հարցը: Եվ այսօր, այո, տարբեր եկեղեցականներ տարբեր ծիսարաններով են կատարում այդ ծեսը, ինչը մարդկանց մոտ ստեղծում է տարըմբռնում և չեն հասկանում, թե ո՞ր եկեղեցականն է ճիշտ կատարում ծեսը, ո՞րը՝ սխալ»:
Տեր Վահրամը հավելեց, որ իրականում ճիշտ և սխալի խնդիր չկա, բոլորն էլ վավերական են, ուղղակի այդ շփոթը վերացնելու համար մեկ օրինակ պետք է պատրաստվի, մեկ ձեռագիր՝ առկա Մաշտոցների հիման վրա։
«Քննության են առնվել թե՛ Մատենադարանի և թե՛ աշխարհի տարբեր ձեռագրերը, և այդ բնագիրների հիման վրա պատրաստվել է մեկ խորուրդ, որը եկեղեցիներում կկատարվի»,-ասաց Տեր Վահրամը: