Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:
Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:
Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...
Մեր ժողովրդի պատմության մեջ միշտ էլ եղել են այնպիսի ժամանակներ, երբ տարածաշրջանային իրադարձությունների զարգացումը, ժողովրդին ու երկրին սպառնացող վտանգներն առաջ են բերել նոր իրավիճակներ, որոնցում իրենց խելամիտ ու հայրենանվեր գործունեությամբ ասպարեզ են եկել նոր անհատականություններ, որոնք մինչ այդ աննկատ զբաղված են եղել իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելով: Բոլոր ժամանակներում էլ, երբ հայոց աշխարհին ու հայ ժողովրդին սպառնացել է թշնամու վտանգը, ժողովրդի ծոցից ելել են ժամանակի զորավարներ, որոնց ետևից գնացել են հայոց աշխարհազորը, երկրապահ կամավորականների զորամիավորումները, բանակը: Մեր պատմությունը հարուստ է նման անհատականություններով, Արցախյան պատերազմի ժամանակահատվածը' առավել ևս:
Հայրենյաց հողի պաշտպանության սրբագույն անհրաժեշտությունն ու ժամանակի հրամայականի թելադրանքը զինվորական և ռազմագիտական կրթություն չունեցող բազում հայորդիների նպատակաուղղեց ռազմական հմտությունների' արագորեն տիրապետմանն ու ռազմավարության նորանոր գաղտնիքների հայտնագործմանը, ինչն էլ ապահովեց հայոց բանակի հաղթանակը։ Չունենալով ռազմական կրթություն' նրանք օժտված էին ռազմական գործողություններ կազմակերպելու, ռազմադաշտն ամբողջությամբ տեսնելու, տարբեր դիրքերից ստացած ինֆորմացիան արագ վերլուծելու և, դրանից ելնելով, հակառակորդի սպասվելիք քայլերը կռահելու բացառիկ կարողությամբ։ Այս ամենին զուգորդելով նաև համառ կամքն ու անձնական խիզախությունը' նրանք հաջողություն ու հաղթանակ են ապահովել' իրենց բանակին ու երկրին ապացուցելով, որ Հայրենիքի հանդեպ սերը կրթական ցենզ, գիտական աստիճան ու զինվորական կոչում չի ճանաչում։
Այդ հայորդիներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն է։
Արցախյան պատերազմի տարիներին Մանվել անունն արդեն դարձել էր լեգենդ։ Լեգենդ, որը սկսվում էր Հադրութի գյուղերի պաշտպանության կազմակերպումից' ճախրելով ամբողջ ռազմադաշտի երկայնքով ու լայնքով, մի կողմից' որպես հակառակորդի' մինչև ատամները զինված խմբավորումներին զսպաշապիկ, խուճապ ու սարսափ էր տարածում նրանց վրա, իսկ մյուս' որպես անձնական խիզախության ու հայրենասիրության դաս' կամավորական շարժումից աննահանջ հրամանատարի մարտական ուղիով միախառնվում է հայոց բանակի կազմավորման ամենօրյա հեւքին, հասնում բանակաշինության վերելքին, հայոց բանակի ու պետության կայացմանը։
«Մանվել, էն պահին, որ մենք կռվում էինք թշնամու դեմ, դու երկիրը պահեցիր քո ընկերների հետ: 1994թ. պատերազմի 60 տոկոսը քո ուսերին էր: 94-ի մեր հաղթանակը, որն ամենադժվարն էր, մեր երկրի նախագահը միշտ ասել է' քո ուսերին մնաց: Ուզում եմ, որ քո ընկերներն իմանան, մեր ընկերներն իմանան' դու հերոս ես, Մանվել: Ու եթե էս երկիրը երբևէ պետք է մի կենդանի մարդու հերոսի կոչում տա, առաջիններից մեկը դո´ւ ես»: Այս խոսքերը պատկանում են Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով դեռևս 1996թ. այսպես էր արտահայտվում Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին:
1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունը Երկրապահին զրկեց իր հրամանատարից: Վարչապետ Վազգեն Սարգսյանի կորուստն ազգային ողբերգություն էր հայ ժողովրդի ու Երկրապահի համար:
Երկրապահները Սպարապետի կորստից հետո կանգնեցին ծանր պատասխանատվության առաջ, և իրական եզրակացությունն այն էր, որ խաղաղ օրերին Վազգեն Սարգսյանից հետո Երկրապահ հզոր բանակը պիտի ղեկավարեր նա, ով պատերազմի դաժան օրերին ղեկավարել է կամավորական ամենախոշոր և հզոր զորամիավորումը:
1999թ. դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարում Մանվել Գրիգորյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ: Ամենադժվարը Վազգենից հետո վազգենյան ճանապարհն անցնելն է, և այդ ծանր բեռը, այդ ազգային ողբերգությունից հետո առանց երկընտրանքի դրված է գեներալի վրա: Իսկ գեներալը, հասկանալով պատասխանատվության ծանրությունը, առանց տատանվելու առաջնորդվելով հայ ժողովրդի հաղթանակած տեսակով' քայլում է առաջ:
2000թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ նախագահի թիվ N հրամանագրով' պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 9-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ տեղակալ Մանվել Սեկտորի Գրիգորյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդն այսպես գնահատեցին իրենց գեներալին:
Արցախի հերոսն ու ժողովրդական գեներալը, պաշտպանության փոխնախարարն ու ԵԿՄ վարչության նախագահն իր ուսերին սկսեց կրել Արցախի ժողովրդի' արդեն քաղաքական պայքարի պաշտպանի, հայ ժողովրդի վստահության, երկրի պաշտպանության և հազարավոր Երկրապահ ընտանիքների ծանր ու պատասխանատու խաչը:
Նույն թվականին հայկական պետական պատվիրակության կազմում Մանվել Գրիգորյանը մեկնում է Փարիզ' զորավար Անդրանիկի աճյունը Հայաստան բերում: Զորավարի աճյունը վերադառնում է հայրենիք և հուղարկավորվում Եռաբլուրում' Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին:
Շարունակությունն` այստեղ: