Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։

 

Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:

 

Նախարար Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

 

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ'Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։

 

Հարվարդում նախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը։

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։