Վանուատուի Հանրապետությունը խաղաղօվկիանոսյան պետություն է Մելանեզիայում։ Հյուսիսից սահմանակցում է Սողոմոնյան կղզիներին, արևմուտքից՝ Ավստրալիայի տնտեսական գոտուն, հարավ-արևմուտքից՝ Նոր Կալեդոնիայի տարածքային ջրերին և հյուսիսից՝ Ֆիջիի տարածքային ջրերին։ Այս երկիրը պաշտոնապես ճանաչել էր Աբխազիայի անկախությունը, սակայն այդ պետության վարչապետ Սատո Կիլմանի պաշտոնանկությունից երկրի կառավարությունը որոշել է չեղյալ հայտարարել Աբխազիայի անկախության ճանաչման մասին որոշումը։
Երեկ ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ և ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն։ Սա փայլուն շարունակությունն է այն շռնդալից դիվանագիտական հաջողությունների, որ Հայաստանը շարունակում է արձանագրել դիվանագիտական կապերի ընդլայնման առումով: Այս տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել այնպիսի հզորագույն միջազգային խաղացողների հետ, ինչպիսին են Ուգանդան և Մավրիկիոսը: Այս տարվա սեպտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցավ Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումը: Հայկական դիվանագիտության գագաթն, անշուշտ, բարեկամ Սվազիլենդի հետ հարաբերությունների հաստատումն էր: Պաշտոնական Մբաբանեն կրծքաբաց ընդունեց հայ-սվազիլենդական դիվանագիտական կապերի հաստատումը: Այս երկիրը այն աշխարհի այն գողտրիկ անկյուններից է, որտեղ փողոցում կիսամերկ շրջելը առօրյա կենցաղային իրավիճակ է: Հայկական դիվանագիտությանը հավանաբար պակասում էր հենց այդ էկզոտիկ երանգը, որովհետև այդ երկրի հետ դիվանագիտական կապերի օգտակար գործողության գործակիցը անհայտ է: Եվ սա ամբողջ թվարկումը չէ էկզոտիկ երկրների հետ դիվանագիտան հաղթարշավի, որ այս տարի արձանագրել է պաշտոնական Երևանը:
Ինքնին հասկանալի է, որ դիվանագիտական կորպուսների հիմնումը երկրի բյուջեից ահռելի միջոցներ է կլանում, և սա այն դեպքում, երբ անգամ պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը օրեցոր խորանում է: Հայ դիվանագետների համար վարձակալված բնակարանների և կեցության ծախսերի ամբողջ բեռը ընկած է ՀՀ պետական բյուջեի վտիտ ուսերին: Ընդ որում, օրինակ Փարիզում մեր դեսպանի միայն բնակարանի վարձը կազմում է ավելի քան 6000 եվրո: Չափազանց շռայլ ճոխություն չէ՞ աղքատ երկրի դեսպանների համար:
Այս տարին նշանավորվեց Հայաստանի կողմից բազմաթիվ էկզոտիկ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վստահ քայլերով: Որն է պատճառը: Կամ իշխանավորները հեշտացնում են էկզոտիկ հաճույքներ վայելելու համար այդ երկրներ մեկնելու կարգը՝ իրենց ավելի հասանելի դարձնելու համար հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, կամ էլ Հայաստանը այլևս դասվում է այդ անպտուղ երկրների շարքին և նրանց հետ հարաբերություններ է հաստատում «հավասարը հավասարի հետ» ձևաչափով:
Վարուժան Բաբաջանյան