tert.am 2014թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է ՀՀ-ում գործող հին անձնագրերը հանել շրջանառությունից: Այս մասին հայտնում է անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախյան ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում: Վերջինս բացատրում է, որ հին անձնագրերը կպահպանեն իրենց վավերականությունը մինչև վավերականության ժամկետի ավարտը:
«Վավերականության ժամկետը լրանալուց և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տվյալ անձը այլևս չի կարողանալու ստանալ հին անձնագրերը»,- ասում է նա:
Մնացական Բիչախյանը անդրադառնալով կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի առավելություններին, նշում է, որ հանրային ծառայությունների մատուցման բնագավառում շատ դեպքերում իրավասու մարմինների կողմից քաղաքացիներից պահանջվում է հանրային ծառայությունների համարանիշ:
«Նույնականացման քարտ ստանալու դեպքում օրենքով նախատեսված է, որպեսզի հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվի նույնականացման քարտում: Նույնականացման էլեկտրոնային պահոցը, ունենալով բարձր պաշտպանվածության ապահովումներ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իր մեջ էլեկտրոնային թվային ստորագրությունը ավելի պաշտպանված է ամրագրվում ու օգտագործվում, քան այն այլ եղանակով ստանալն ու օգտագործելը,- բացատրում է նա:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տարածքային բաժին, հանձնել հին անձնագիրը, ներկայացնել անձնագրերի համար նախատեսված պետական տուրքի անդորրագրերը, տեղում լուսանկարվել, թողնել մատնահետքերը, տեղեկատվական բազայում ամրագրել էլեկտրոնային ստորագրություն: Նոր անձնագիրն ու նույնականացման քարտը կարելի է ստանալ 15 աշխատանքային օրվա ընթացքում: