«Ղազարոս Սարյանի կերպարն արդեն մի դպրոց է նրա ընկերների և շրջապատի համար»:
կոմպոզիտոր Ադամ Խուդոյան
Ինքնատիպ տաղանդի ու բարձր ինտելեկտի տեր երաժիշտ Ղազարոս Սարյանի կյանքի ուղին հետաքրքիր է ու հագեցած: Նա ծնվել է 1920թ. սեպտեմբերի 30-ին Դոնի Ռոստովում, նկարիչ Մարտիրոս Սարյանի որդին էր:
Վաղ մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Ապագա երաժշտի մանկության և պատանեկության տարիներն անցել են մեր դարի խոշորագույն արվեստագետներից մեկի' Մարտիրոս Սարյանի ընտանիքի' բազմապիսի հետաքրքրություններին նպաստող հագեցած մթնոլորտում:
Բարեկրթությունը, գեղարվեստական բարձր ճաշակը, լայն մտահորիզոնը հայրենի տան այն անգնահատելի ձեռքբերումներն են, որոնք ապահովում էին արվեստագետի, գործչի դրսևորումները' ստեղծագործական, մանկավարժական, հասարակական: Հատկապես իր մոր' բանիմաց երաժշտասեր Լուսիկ Սարյան-Աղայանի ազդեցության շնորհիվ, դաշնամուրի դասերին (Ե. Խոսրովյան) հետևեցին պարապմունքները (1934-1938) Ս. Բարխուդարյանի և Վ. Տալյանի ստեղծագործական դասարաններում: Կարճատև, բայց օգտակար էր ուսումը Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում Վ. Շեբալինի ղեկավարած ստեղծագործական դասարանում: Հատկապես այստեղ դրվեց նրա տեսական լուրջ գիտելիքների հիմքը:
1934-38 թթ. սովորել է Երևանի կոնսերվատորիայում, ապա' Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում: 1950թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Նույն թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-86 թթ. եղել է ռեկտորը, 1986-90 թթ.' ամբիոնի վարիչ, 1972 թվականից' պրոֆեսոր: Նրան աշակերտել են Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Վարդան Աճեմյանը (կրտսեր), Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը և ուրիշներ:
Մահացել է 1998թ. մայիսի 27-ին, Երևանում: