«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ է մեկնել ՀՀ կառավարության 14-հոգանոց պատվիրակությունը։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մինչև հոկտեմբերի 4-ը նրանք մասնակցելու են ՀՀ-ի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին։
Ուշագրավը, սակայն, հայկական պատվիրակության կազմն է՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վ. Հարությունյան, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Ա. Աբրահամյան և այլք։ Ենթադրվում Է, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստից բացի, նրանք քննարկելու են Հայաստան թուրքմենական գազի ներկրման վերաբերյալ հարցեր։
Նշենք նաև, որ Թուրքմենստանը երրորդ տեղն է գրավում ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության իր ծավալներով։ Ընդ որում, Հայաստանը Թուրքմենստանից ավելի շատ ներկրում է, քան այդ երկիր ապրանք արտահանում»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: