«Հայկական ժամանակ» ««Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու և Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով մեղադրվում է խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, արդեն 7 օր է հացադուլ է հայտարարել, իսկ նախօրեին էլ՝ ջրադուլ։ Վերջինիս պաշտպան Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալի հացադուլ և ջրադուլ հայտարարելու պատճառը անօրինական կերպով նրան կալանքի տակ պահելն է։

 

«Բոլոր հիմնավորված միջնորդությունները՝ կալանքից ազատելու, խափանման միջոցը փոխելու մասին, դատարանի կողմից առանց պատճառաբանության մերժվում են, հետևաբար Արամը այդ շատ ծայրահեղ, կյանքի համար վտանգավոր միջոցն է ընտրել»,–մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը։

 

Վերջինս նշեց, որ քրեական գործում կան բազմաթիվ հակասություններ, մասնավորապես՝ հակասում են տուժողի և վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքները։ երա խոսքով, նախօրեին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանին միջնորդություն է ներկայացվել Մուղալյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին, ինչպես նաև Մուղալյանի պաշտպանները դատարան են ներկայացրել երկու անձանց կողմից երաշխավորագիր, ովքեր առաջարկել են փոխել նրա խափանման միջոցը, սակայն դատարանը այդ միջնորդության քննարկումը հետաձգել է հոկտեմբերի 7-ին»,–գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: