Հայաստանյան մամուլը հաճախ է գրում ԱԺ տղամարդ պատգամավորների բիզնեսների մասին, սակայն քչերը գիտեն, որ մեր հայրենի խորհրդարանում օրենքներ են արարում կանայք, որոնց ունեցվածքին և օլիգարխիկ կենսակերպին կնախանձեին շատ ու շատ առնական պատգամավորներ: Թերևս ժամանակն է անդրադառնալու նաև մեր ժամանակների յուրահատուկ բիզնես-լեդիների գործունեությանը, որպեսզի չխախտենք այնպիսի նուրբ համակեցություն, ինչպիսին գենդերային հավասարակշռությունն է: Lurer.com-ը պարբերաբար կանդրադառնա գործարար կին պատգամավորների գործունեությանը:
Հայաստանի խորհրդարանի բիզնես-լեդիների շարքը, անկասկած, գլխավորում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թե ինչ անուրանալի վաստակի համար է իշխող կուսակցությունը նրան վստահել երկրի առանցքային պաշտոններից մեկը՝ դա դեռ պետք է հասկանալ, հատկապես այն պարագայում, երբ երկրի Սահմանադրությունն արգելում է նմանատիպ անձանց մուտքը խորհրդարան: Երևի հայրենի իշխանությունները մեր խորհրդարանականների բալանսներում փնտրում, բայց այդպես էլ չեն գտնում բիզնեսներ՝ սկսած մեր խորհրդարանում անթիվ անհամար օլիգարխներով և կիսաօլիգարխիկ տարրերով, վերջացրած քաղաքակիրթ բառապաշարով բիզնես – լեդի հորջորջվող գործարար կին պատգամավորներով:
Քանի որ սեռային պատկանելությունը չի արդարացնում պատգամավորների՝ տնտեսական գործունեություն ծավալելու սահմանադրական արգելքի խախտումը՝ ներկայացնում ենք մեր շարքի առաջին հերոսուհու՝ Հերմինե Նաղդալյանի բիզնես-գործունեության մասին մեզ հայտնի տվյալները: Վստահ ենք, որ հանրությունը երբեք ամբողջապես չի տիրապետում նմանատիպ անձանց ունեցած բիզնեսների ցանկին, բայց առկա փաստերն իսկ խոսուն վկայություն են այն մասին, որ օրը ցերեկով կոպտորեն ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը:
Եվ այսպես, ըստ շատ հավաստի խոսակցությունների' Հերմինե Նաղդալյանին է պատկանում Սիսիանի բազալտի քարհանքը, ռեստորան Սիսիանում, Սիսիան-Երեւան երթուղային, տեղի տաքսի ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, ԱԺ փոխնախագահը փայատեր է Սիսիանի հիդրոէլեկտրակայանում։ Որպես շարքային օլիգարխիկ հակումներով օրենսդիր' տիկին Հերմինեն զերծ չի մնացել նաև բիզնեսների վերաբաշխման ներիշխանական բազարներից' հիշենք տարիներ առաջ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ունեցած ռազբորկաները' Սյունիքում ունեցած իր բիզնեսների փայաբաժինների հետ կապված: Բոլորովին վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հերմինե Նաղդալյանն ու «Վաճառականների միություն» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանը որոշել են միասին չրերի գործարան բացել։ Ընկերուհիների բիզնես-նախագծի մասին խոսակցությունները հերքելու փորձեր, իհարկե, եղան, սակայն ոչ մի պատգամավոր երբեք չի հաստատում նմանատիպ տեղեկությունները:
Շատ հետաքրքիր է, որ հայրենի խորհրդարանում Սահմանադրության խախտմամբ բազմած տիկնոջ տնտեսական գործունեության մասին իշխանությունները տեղյակ չեն: Որևէ մեկի համար տարօրինակ չէ՞, որ պատգամավորական խղճուկ աշխատավարձով ապրող տիկինը հայտարարագրել է 781 մլն 548 հազար դրամ եկամուտ անցած՝ 2012 թվականի ընթացքում (3 մլն 153 հազարը' պատգամավորի աշխատավարձ, մնացածը' շահաբաժին և փոխառություն): Սա միայն պատգամավորի օրինական հայտարարագրված եկամուտն է, այս թվերի լույսն ու ստվերը թողնում ենք ընթերցողների խղճին: Ժամանակը չէ՞, որ պետությունը հետևի, որ թաքցրած բիզնեսներ ունեցող անձիք չգան խորհրդարան, այլ զբաղվեն իրենց գործարարությամբ: Երկրի ղեկավարները ինչու՞ են աչք փակում այս երևույթի վրա: Ուղարկեք՝ թող իրենց բիզնեսները զարգացնեն, ինչու՞ եք երկրի հոգսերը բարդում նրանց փխրուն ուսերին:
Թերևս հատկանշական է օրեր առաջ ԱԺ-ում Հերմինե Նաղդալյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Lurer.com-ը ֆիքսել էր, թե ինչպես է Նաղդալյանը վերցրել և իր համար նախատեսված վայրում տեղադրել Սերժ Սարգսյանի ոսկեզօծ աթոռը՝ փոխարենը տեղադրելով իր՝ առավել համեստ աթոռը: Բանն այն է, որ ԱԺ ամբիոնում նախատեսված չորս աթոռներն էլ ունեն իրենց հստակ հասցեատերը՝ ՀՀ և ԱԺ նախագահների աթոռները տարբերվում են մյուս երկուսից՝ ոսկեզօծված են և նախատեսված են բացառապես երկրի երկու առանցքային պաշտոնյաների համար: Այս դեպքում տիկինը բազմել էր ՀՀ թիվ մեկ պաշտոնյայի աթոռին: Մեր հրապարակումից հետո, իհարկե, աթոռները կրկին դրվեցին իրենց տեղերում, այսպես ասած՝ Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնվեց: Երևի ժամանակն է, որ նույն սահմանադրության շրջանակներում Նաղդալյանը ուղարկվի հայրենի եզերք՝ զբաղվելու համար սիրելի աշխատանքով՝ բիզնեսով: