Հայաստանը ԵՄ երկրներ մեղր և մեղվաբուծական մթերքներ արտահանելու իրավունք ստացավ։ Մեղվաբույծները լուրջ են տրամադրված ու չեն ուզում խաբվել. գումար պետք է վաստակեն արտադրողները, ոչ թե արտահանողները։

«Եվրոպան սկսել է հետաքրքրվել հայկական մեղրով, քանի որ իրենց մոտ մեղուների մոտ 20 տոկոսը ոչնչացվել է, պահանջարկը բավարարելու խնդիր ունեն ու այդ պատճառով էլ սկսել են հետաքրքրվել Հայաստանի մեղրով և մեղվաբուծական մթերքներով»,–eMedia.am-ի հետ զրույցում հայտնեց «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ–ի նախագահ Թելման Նազարյանը։

Այսօր Հայաստանում, ըստ Նազարյանի, կա բարձրորակ մեղրի բերք, սակայն մինչև Եվրոպա արտահանելը նախ պետք է լաբարատոր ստուգում անցնի, որից կախված էլ կորոշվի արտահանվող մեղրի գինը։ Նա նշեց, որ մեղվաբույծները ոգևորված են վերջին նորությամբ, սակայն դեռ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են։

«Ես հանդիպել եմ Լեհաստանի ներկայացուցչի հետ, մի քանի օր անց պետք է հանդիպեմ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, մեր միության մեղվաբույծները ևս պատրաստ են մասնակցել այդ հանդիպումներին, որպեսզի հասկանան, թե ինչ չափանիշներ են առաջադրված ապրանքի համար»,–նշում է ՀԿ–ի տնօրենը։

Մյուս կողմից, ըստ մասնագետի, հարց է ծագում՝ մենք ինչքան պետք է արտահանենք, որ կարողանանք գոնե որևէ եվրոպական քաղաքի մի մարզի մեղրի պահանջարկն ապահովենք։

Թե մոտավոր արտահանման ինչ ծավալների մասին է խոսքը, Նազարյանի համար պարզ չէ, սակայն համոզված նշում է, որ երկարաժամկետ պայմանագիր կկնքվի, որն էլ մեղվաբուծության զարգացման համար նոր հեռանկարներ կբացի։

Ինչ վերաբերում է արտահանմանը, eMedia.am–ի զրուցակիցը նշում է, որ միությունն ինքն է զբաղվելու արտահանման հարցերով. «Մենք ինքներս ենք իրակացնելու եվրոպական երկրների հետ առևտուրը, մենք ունենք մարքեթինգի գծով պատասխանատուներ, ովքեր զբաղվելու են այս վաճառքով, եթե մենք չկարողանանք այս հարցը կազմակերպել երկրի ներսում, մասնագետներ կբերենք Եվրոպայից»։

Նշենք, որ այս տարի Հայաստանում գրանցվել է 50 տարվա ամենամեծ մեղրի բերքը։ ԵՄ երկրներ մեղրի արտահանումը կօգնի իրացնել աննախադեպ պաշարը։