Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի ու հարցուպատասխանի ամենաշատ ուշադրությանն արժանացած մասը Զարուհի Փոստանջյանի հարցն ու ՀՀ նախագահի պատասխանն էր։ Այնինչ ելույթում ու հարցուպատասխանի ժամանակ քննարկվեցին շատ ավելի կարևոր հարցեր, որոնք սկանդալի ֆոնին դուրս մնացին հասարակության ուշադրությունից։ eMedia.am–ն առանձնացրեց նախագահի ելույթի ու հարցուպատասխանի առավել հետաքրքիր դրվագները։
Կրոնական համոզմունքներով բանակից խուսափելու համար չեն դատի
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոթն ՀՀ նախագահին հարց ուղղեց, իր ձևակերպմամբ, կրոնական դրդապատճառներով զինծառայությունից խուսափելու համար դատապարտված 29 մարդկանց վերաբերյալ։
«Խղճի ազատության եվրոպական չափորոշիչներին հասնելու համար մենք հսկայական աշխատանք ենք տարել։ Այս պահին կարող եմ ասել, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում տրված են օրենսդրական լուծումները, փոփոխվել են այլընտրանքային ծառայության մասին օրենսդրական դրույթները, և, կարծում եմ, այո, այն մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի պատճառով չեն ցանկանում ծառայել բանակում, քրեական պատասխանատվությունից կազատվեն»,– ասել է ՀՀ նախագահը։
Պատերազմի դեպքում ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20, այլ 25-30 տոկոսի կորուստից
«Կարծում եմ, որ նրանց (Ադրբեջանի–խմբ.) նպատակն է, և նրանք դա չեն թաքցնում, ուժի միջոցով լուծել խնդիրը», – ասել է նախագահը։
Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի հարցին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ինչ վերաբերվում է ադրբեջանական տարածքների 20 տոկոս օկուպացիային, նախ պիտի խնդրեմ, որպեսզի ձեր թվաբանական գիտելիքները թարմացնեք, երկրորդ՝ ձեր վերաբերմունքը Հայաստանի մասին փոխել, որովհետև նշված ՄԱԿ–ի 4 բանաձևերից մեկով նշվում է, որ Հայաստանն առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին...Այո, այսօր մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, նրա զինված ուժերը, հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորող։ Եվ ես այստեղ հայտարարում եմ՝ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, Հայաստանի հանրապետությունն իր կարողությունների ամբողջությամբ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղը։ Պետք չէր ռազմական գործողություններ սկսել ու հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողություններով։ Վստահ ենք՝ եթե այդպիսի գործողություններ սկսվեն, մի քանի ամսից ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20, այլ 25-30 տոկոսի մասին», – շեշտել է նա։
Մաքսային միություն ու ԵՄ ասոցացում
Հայաստանը պատրաստ է Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, սակայն Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո, երբ հայտարարվեց, որ որոշումից հետո մեզ ասացին, որ ուղղակի հակասություն կա ազատ առևտրի ու Մաքսային միության միջև մենք առաջարկեցինք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք վճռական ենք այդ բարեփոխումները իրականացնել։
«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթնաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել փաստաթղթում, և ամբողջովին պատրաստ ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը։...Ասոցացման համաձայնագիրն ու նրանով նախատեսված բարեփոխումները մեր ու ԵՄ հարաբերությունների առանցքն են կազմում։ Հիմնական փաստաթուղթն ասոցացման համաձայնագիրն է, ու մենք օգտվում ենք այդ համաձայնագրի դրույթներից, բանակցային գործընթացից մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին», – ասել է ՀՀ նախագահը։ Նա նշեց, որ Երևանը վճռական է իրականացնել Ասոցացման համաձայնագրով նախատեսվող քաղաքական բարեփոխումները։
Միաժամանակ ՀՀ նախագահն ընդգծել է, որ «Եվրամիության հետ մեր հարաբերությունները մենք չենք տանելու ի հաշիվ մեր դաշնակիցների հետ ունեցած հարաբերությունների»։
Հայաստան–Թուրքիա
ՀՀ նախագահը կարծիք հայտնեց, որ թուրքական կողմը տեսանելի ապագայում չի պատրաստվում վավերացնել հայ–թուրքական արձանագրությունները։ «Թուրքական իշխանությունները տարբեր խողովակներով փորձում են ինչ–ինչ առաջարկություններ անել, բայց կարծում եմ դրանք ավելի շուտ միջազգային հանրությանը հանգստացնելու համար են», – ասել է Սերժ Սարգսյանը։