Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 23-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 3-ին՝ Երևանում BMW X 5 մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու փաստով: Վարորդը եղել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող 24-ամյա Անուշավան Հակոբյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան թիվ 1 շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից: Ինչպես վրաերթի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ 73-ամյա Յուրա Աբրահամյանը, ով բնակվում էր Նոր Նորքի Բադալ Մուրադյան 6-րդ շենքում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Վթարի վայր էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են BMW X5 մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենա, որի թափքն ու դիմապակին ամբողջովին վնասված էին: Իսկ ավտոմեքենայից մոտ 3 մետր հեռավորության վրա բաժնի քրեական հետախուզության օպերները հայտնաբերել էին 01 AV 777 համարանիշներ, որոնք չէր բացառվում, որ նշված ավտոմեքենայի համարանիշները լինեին:
Նոր Նորքի ոստիկանները, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, փորձել էին պարզել, թե ում անունով է հաշվառված նշված ավտոմեքենան և հայտնաբերել մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին: Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարության փրկարար ծառայության 9-րդ բաժնի, հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական ջոկատով, ովքեր առաջին իսկ պահից գտնվում էին դեպքի վայրում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, այն դեպքում, երբ նշված հատվածում գործում են գետնանցումները, ու եթե հետիոտնը փողոցն անցներ գետնանցումով, ապա ողբերգական վրաերթը տեղի չէր ունենա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը քիչ հետո մեղայականով ներկայացել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նա, մինչ այդ՝ տաքսի ավտոմեքենայով վրաերթի վայրից շտապօգնության մեքենայի հետ գնացել էր հիվանդանոց, որտեղ էլ իմացել էր, որ հետիոտնը մահացել է և այնտեղից եկել ու ներկայացել էր Ճանապարհային ոստիկանություն:
Ամբողջական ֆոտոշարքը՝ shamshyan.com-ում: