Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկի քաղաքապետին գրավոր հավաստիացրել է, որ եթե Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը խնդիրներ հարուցի, այն կյանքի չի կոչվի: Այդ մասին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց այսօր:

Վարչապետը այդ հավաստիացումն արել է քաղաքապետի՝ կառավարությանը ուղղած հարցմանն ի պատասխան:

Ուշագրավ է, որ վարչապետն այս հավաստիացումն արել է այսօր, երբ մամուլում լուրեր են շրջանառվում նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի «վարչապետական» հավակնությունների մասին: Վերջինս մինչեւ դեսպանի պաշտոնում նշանակումը Ամուլսարի շահագործման իրավունքի սեփականատեր «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր: Առավելեւս, որ ոսկու հանքի շահագործման հեռանկարի դեմ բնապահպանները արդեն տեւական ժամանակ բազմաթիվ փաստարկներ են բերում:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ իրենց չի՞ անհանգստացնում արդյոք այն փաստը, որ Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ետևում կանգնած են նախկին կամ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, Վարդան Հովհաննիսյանը ասաց, որ, համենայն դեպս, վարչապետը նման հավաստիացում արել է: