Հոկտեմբերի 4-ին կայացել է հանրային տրանսպորտի ոլորտն ուսումնասիրող անկախ փորձագետների խմբի (հանրային հանձնաժողով) առաջին հավաքը: Ինչպես տեղեկանում ենք «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հրապարակած արձանագրությունից՝ առաջին հավաքի ընթացքում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն առաջարկել է խումբն անվանել «անկախ փորձագետների խումբ», և անկախությունն ապահովելու նպատակով չներգրավել «ակտիվիստներ». ներգրավել մասնագետներ արտասահմանից:

 

«Վարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանը նշել է, թե քաղաքապետարանի հանձնաժողովի անդամները մասնագետներ չեն: Հայտնել է նաև, որ իրենք տրանսպորտի ոլորտի վերաբերյալ մշակած ռազմավարություն ունեն, որն արդեն քանի տարի է՝ արհամարհվում է: Իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջարկել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով՝ նախ արդեն իսկ կատարված աշխատանքների հիման վրա կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և ավելի լիարժեք կերպով հիմնավորել, որ 100 դրամը բավարար է ավելի որակյալ տրանսպորտ ունենալու համար, երկրորդ փուլով՝ ներկայացնել նոր առաջարկություններ և ոլորտի ռազմավարություն:

 

Իսկ տնտեսագետ Դավիթ Գևորգյանն անհրաժեշտ է համարել ցույց տալ, որ տրանսպորտի այսօրվա մակարդակը չի համապատասխանում 100 դրամին: Հավաքին ներկա է եղել նաեւ ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը, որն ըստ արձանագրության՝ անհրաժեշտ է համարել մշակել հիմնավոր հակափաստարկներ. «ՄԻՊ գրասենյակը պատրաստ է ներդնել իր ողջ իրավական ներուժը՝ օրենսդրական բացերը վերհանելու և օրենսդրական նախաձեռնությանբ հանդես գալու համար»: Որոշվել է խումբն անվանել «հանրային տրանսպորտի ոլորտն ուսումնասիրող անկախ փորձագետների խումբ»:

 

Անի Կաղինյանը և Գայանե Մելքոմ Մելքոմյանը համաձայնվել են համակարգել խմբի գործունեությունը և ապահովել մասնակիցների միջև կապը: