Շատերի համար մուրացկանությունը կյանքի հատակն է, անդունդ, որում հայտնվելուց հետո այլևս երբեք նույնը չես լինում:
Փղախտով հիվանդ 31-ամյա Աշոտ Գրիգորյանը իր մաշկի վրա է զգացել այդ անդունը: Աշոտը միայն բառերով չէ, որ գիտի, թե ինչ է նշանակում թանկ առողջություն ասվածը: Նա ամեն օր պայքարում է դրա համար ու շատ հաճախ դուրս գալիս փողոց' մուրացկանությամբ ստացած գումարով դեղ գնելու համար: Ասում' դուրս է գալիս փողոց ոչ թե այն ժամանակ, երբ սոված է, այլ երբ այլևս դեղ չունի, իսկ միակ հույսը Աստված է, որն էլ մարդու միջոցով նրան դեղի գումար է տալիս:

 

«Այս հունվարին առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ինձ գումար տվեց, ասեց՝ հիմնականում դեղի վրա ծախսիր, ու ես այդպես էլ արեցի: Մոտ 3 շաբաթ դուրս չեկա փողոց: Ես հիմա էլ հավաքում եմ իմ բոլոր դեղերի սրվակները և տուփերը, որ երբ հարցնեն, ինչի վրա ես ծախսում գումարդ, ցույց տամ»,- ասաց նա:

 

Ոչ բոլորն են այդպես, պատմում է Աշոտը: Ասում է՝ ամենակարևոր փոփոխությունը, որ լինում է մարդու հետ մուրացկան դառնալուց հետո, այն է, որ կորցնում է իր ինքնասիրությունը: Մի բան, որը Աշոտի խոսքով, ամեն կերպ փորձում է ամուր պահել իր մեջ:

 

«Մուրացկանությունը մարդուն լրիվ փոխում է, ավելի ագրեսիվ է դարձնում: Եվ դա կարելի է հասկանալ, չէ որ մարդիկ կարան անտարբեր անցնեն քո վշտի կողքով, չօգնեն, ու մուրացկանը ինքն է ստիպված հնարքներ մշակում մի կոպեկ աշխատելու համար: Մեր երկրում մուրացկանների 80 տոկոսը արհեստավարժ են, որոնք ամեն օր փողոց են դուրս գալիս ոչ այնքան կարիքից դրդված, այլ, որ արդեն սովորել են այդ ապրելակերպին: Օրինակ, հնարքներից մեկն է ուրիշի երեխային վերցնելն ու գումար աշխատելը, մեկին ոստիկանությունը բռնել էր, հեռուստատեսությամբ ցույց տվեցին, բայց ես էլի շատ նման դեպքերի եմ հանդիպել:

 

Դա անդառանալի հետևանք ա ունենում էդ երեխայի հոգեկանի վրա, մի երեխայի պահեք տանը, մյուսին' փողոցում, կտեսնեք, ինչ տեսակի մարդիկ են մեծանում, հատկապես, որ հաճախ երեխային դիմեդրոլ են տալիս, որ չխանգարի գումար աշխատել: Հետո էդ երեխան մեծանում դեբիլության համախտանիշով: Մեծ մարդիկ հենակներ են դնում թևերի տակ, կամ ձեռքը պահում, իբր հիվանդ է, շորը հագնում է ձեռքի վրայից: Մարդիկ, գումար տալիս, նախապատվությունը տալիս են մեծ կնոջը, հետո երեխայով մայրերին, դրա համար էլ նման դեպքեր շատ կան»,- ասաց նա:

 

Աշոտի խոսքով' մուրացկանները ունեն իրենց հստակ տարածքը, հաճախ նաև «կռիշը» և նորեկների հանդեպ բարեհաճ չեն:

 

«Երբ նոր էի դուրս գալիս փողոց, ու ասում էին, որ սա իրենց տարածքն է, զիջում էի, բայց հետո հասկացա, որ մուրացկանության ասպարեզում ով ագրեսիվ եղավ, նա էլ թագավորում է այդ տարածքը: Մուրացկանները ինձանից վախենում են, որովհետև ես գիտեմ իրենք ով են: Մի տատի կար, ասում էր մի երեխես հիվանդ ա, մյուսը՝ մահացած, մի ամբողջ շարան էր բերում, հետո իմացա, որ ի՞նչ խեղճուկրակ, տես ինչ մեքենայով են տանում տուն, Շենգավիթում է ապրում, իր տղայի հետ ու տենց շատերը կան, որոնց թանկ ավտոմեքենայով օրվա վերջում գալիս, տուն են տանում: Դրանք սովորաբար թաղի հեղինակություններ են, որոնք վերցնում են նրա հավաքած գումարի մի մասը՝ խոստանալով պաշտպանել ու աջակցել նրան»,-ասաց նա:

 

Աշոտը փողոց է դուրս գալիս 2 ժամ, առաջ 5 ժամ, որովհետև «առաջ ուրիշ էր», իսկ հիմա մարդկանց 80 տոկոսը իրեն ճանաչում են՝ «տվողը կտա, չտվողը չի տա», իսկ իրեն շատ բան պետք չէ' միայն դեղի փող:

 

Ու չի անիծում մարդկանց հետևից, որովհետև հավատում է, որ մի օր դա իր դեմ կարող է շրջվել: «Չկա չանիծող մուրացկան, բոլորը մարդու հետևից անիծում են, վերցնենք սովորական մարդուն, եթե ինքը ինչ-որ մեկից ինչ-որ բան խնդրի ու չտան, չի՞ անիծի: Իմ անեծքը այն է, որ՝ ինչ կամենում եք ինձ, թող ձեզ հետ դառնա, բայց օրվա վերջում եկեղեցում աղոթում եմ ու խնդրում, որ Աստված չեղյալ համարի իմ անեծքը, որովհետև դա մի օր իմ դեմ դուրս կգա: Այդ պատճառով էլ շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- ասաց Աշոտը:

 

Առողջապահության նախարարությանն էլ, իհարկե, Աշոտը, շնորհակալ է, սակայն չգիտի, թե ինչ պետք է անի մի քանի հարյուր տուփ բամբակն ու 20-30 սրվակ դեղը, ոչինչ, որ երբեմն այդ դեղը այն չէ, ինչը նշանակել են իրեն: Եվ ոչինչ, որ ամեն նման բարեգործությունից հետո մարդիկ քննադատում են Աշոտին, թե քեզ այդքան օգնում են, էլ ինչո՞ւ ես փողոց դուրս գալիս: