«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք աոայժմ չեն հրապարակվում: «Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին:
ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն, Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը: Սույն տեղեկությունը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Հժ» թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ առաջարկվել է իջեցնել 10 տարվա շեմը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Եվ ոչ միայն 10 տարվա շեմը (...)»:
Սույն առաջարկը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ուղարկել անձամբ Վիգեն Սարգսյանը: Ի՞նչ նպատակով է արվում սույն փոփոխությունը և ո՞ւմ համար: Մոտ երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նշանակվեց Սեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Արմեն Սարգսյանը, փաստորեն, երրորդ անգամ նշանակվեց նույն պաշտոնում: Ինչպես հայտնի է, նա վաղուց Հայաստանում չի բնակվում:
Միջազգային կոնվենցիաների համաձայն, սակայն, տվյալ երկրում այլ երկրի դեսպանատունը համարվում է համապատասխան երկրի տարածք: Այսինքն, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք և հետևաբար, դեսպանն էլ՝ այդ տարածքի, այսինքն՝ ՀՀ բնակիչ: Արդյո՞ք Արմեն Սարգսյանի համար է իջեցվում 10 տարվա շեմը: Իշխանության վերին օղակներում արդեն տևական ժամանակ քննարկվում է Արմեն Սարգսյանին, նախ ՀՀ վարչապետ, այնուհետև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը»: