Երևան քաղաքի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ այդմ, Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի կողմ քվեարկությամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:
Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, բեմադրիչ, ռեժիսոր Հրաչիկ Աշուղյանը՝ ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար, նույնպես ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ արժանացել են «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման:
Երևանի ավագանին հավանություն է տվել նաև ավագանու նախորդ որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար հատկացնելու, ինչպես նաև հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշումների նախագծերին: