Անցած շաբաթ նախագահի առաջարկով ԱԺ-ի ընդունած համաներման մասին որոշումը չի տարածվի մի աղմկոտ գործով դատապարտված երկու երիտասարդ զինվորների վրա:
Անցած տարվա սեպտեմբերի 24-ին, կատարելով հրամանատարի հրամանը, շարքային վարորդ Անդրանիկ Բերտիզլյանը եւ ուղեկցող ավագ Արսեն Երիցյանը իրենց կցված զինվորական բեռնատարը գերբեռնել էին, որի հետեւանքով տեղի էր ունեցել ավտովթար, որը խլել էր երկու այլ զինվորների կյանք:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այս տարվա սեպտեմբերի 18-ին Ա. Բերտիզլյանին եւ Ա. Երիցյանին դատապարտել էր համապատասխանաբար 6 եւ 5 տարվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանը բավարարել է երիտասարդների դեմ ներկայացված քաղաքացիական հայցը' որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում նրանցից մոտ մեկուկես միլիոն դրամ բռնագանձելու վերաբերյալ:
«Պաշտպանական կողմը եւ մեղադրող կողմը ապշած մնացին դատարանի սառնասրտության վրա, երբ որ գործով ապացուցվել է, որ ՊՆ զորամասի հրամանատարական կազմը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք առաջացրել են ավտովթարը... Իսկ դատավորը դատավճիռը կարդալուց շնչահեղձ էր լինում, որովհետեւ արդարացի վճիռ չէր կայացնում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Անդրանիկի մայրը' տիկին Աղավնին:
Վերջինս նաեւ հավելել է, որ եթե նույնիսկ համաներումը կիրառվեր, ապա ընդամենը 6 ամսով կրճատվելու էր նրանց ազատազրկման ժամկետը: