Այսօր արդեն մարդկությունը բնակվում է բնակավայրերում, որտեղ կա քաղցրահամ ջրի դեֆիցիտ: Ինչպես հաղորդում է El Mundo իսպանական թերթը, եթե երկրագնդի ջերմաստիճանը միջինը, ըստ Ցելսիուսի, բարձրանա 2 աստիճանով, ապա ջրի պակասից տառապող մարդկանց թիվը կավելանա 8 տոկոսով:
«Իսկ եթե տեղի ունենա ավելի վատթարագույնը, այսինքն ջերմաստիճանը բարձրանա մոտ 5 աստիճանով, ապա այս ցուցանիշը կհասնի 13 տոկոսի»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշում է թերթը, մոտակա տասնօրյակում ջուրը դառնալու է ամենասակավ և պահանջված բնական ռեսուրսներից մեկը: Այս ամենի պատճառը համարվում է Երկրի բնակչության արագ աճը և օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը:
Համաձայն կլիմայի ազդեցությունների հետազոտությունների ինստիտուտի 3 ուսումնասիրությունների՝ ամենախոցելի տարածաշրջանները համարվում են Հյուսիսային Աֆրիկան, Միջերկրական ծովի երկրները, Մերձավոր Արևելքը և Ասիայի որոշ հատվածները:
Գիտնականները կոչ են անում երկրների կառավարություններին գիտակցել հետևանքները և անմիջապես միջոցներ կիրառել, որպեսզի սահմանափակեն ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև մշակեն կլիմայական փոփոխությունների ադապտացման պլան:
Մեկ այլ հետազոտությունում նկարագրվում է տաքացման ազդեցությունը էկոհամակարգի վրա: «3-4 աստիճանով գլոբալ տաքացման պարագայում կանխատեսվում է, որ այն տարածքներում, որտեղ կա էկոհամակարգերի վերափոխման վտանգ, այն մոտ երկու անգամ կկրկնապատկվի»,- զգուշացնում է հետազոտության ղեկավար Լիլա Վարշավսկին:
Ըստ գիտնականների՝ աշխարհում գործնականում չկա ոչ մի վայր, որտեղ էկոհամակարգը զգալի փոփոխություններ չկրի, եթե 2100թ-ին ջերմաստիճանը բարձրանա 5 աստիճանով: Ամենափխրուն էկոհամակարգն ունեն Հնդկաստանի արևելքը, Էֆիոպիայի և Սոմալիի սավաննան, Ամազոնիայի ջունգլիները, Կանադայի հյուսիսային անտառները և Տիբեթյան բարձրավանդակը: Օրինակ հյուսիսային տայգան կարող է վերածվել ավելի մեղմ կլիմայով սավաննայի:
Բոլոր այս փոփոխությունները ծայրահեղ ազդեցություն կունենան բնակչության բարեկեցության մակարդակի վրա: