2012 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին, երկարատև դատավարական գործընթացներից հետո, առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ և արդարացրեց: Սպասված և արդարացի դատավճռի հրապարակման հետ սակայն ոչ բոլորն էին համաձայն: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույն օրը www.aravot.am և www.lragir.am լրատվական էլեկտրոնային էջերին տված իր հարցազրույցներում չի համաձայնել դատարանի կայացրած որոշման հետ ասելով. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

 

2013 թ. հունվարի 15-ին Ա. Զալյանի, Մ. Սերոբյանի և Ռ. Սարգսյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի' պատվի, արժանապատվության և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, հրապարակային ներողության խնդրելուն պարտավորեցնելու մասին:

 

Այս հայցադիմումը սակայն դատարանը մերժեց պատճառաբանելով, որ յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորելու պահանջ, պետք է ուշադրության արժանացնել հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին' պարզելու նպատակով' արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները' միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում: Ինչպես նաև դատարանը պատճառաբանել է, որ դիրքորոշումը հայտնելու ժամանակ արդարացման դատավճիռը օրինական ուժ ստացած չի եղել:

 

Այս և այլ փաստերը հիմք ընդունելով, դատարանը 2013 թ. հուլիսի 16-ին մերժել է հայցը:

 

Արայիկ Զալյանը և Մուսա Սերոբյանը 2013 թ. հուլիսի 19-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք, ներակայացնելով, որ դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներ: Վերաքննիչ բողոք հիմավորվել է նաև այն փաստով, որ «Մատաղիսի գործ» արտահայտությունը ասոցացվում է Արայիկ Զալյան, Մուսա Սերոբյան, Ռազմիկ Սարգսյան անձանց հետ, հետևաբար Գ. Ջհանգիրյանի արած արտահայտությունը և հնչեցրած կարծիքը կարող էր վերաբերվել միայն իրենց:

 

Բացի այդ, դատարանը գործի քննության ժամանակ հիմնվել է «Իրավունք» թերթի հրապարակման վրա, որը սակայն ո՛չ հայցվոր, և ո՛չ էլ պատսխանող կողմերի գործի վերաբերյալ ներկայացրած նյութերում չի եղել: Այսպիսով, դատարանը հղում է կատարել մի ապացույցի, որը դատարանում չի հետազոտվել, անգամ չի եղել ապացույցների շրջանակում:

 

Դատարանի պատճառաբանությունները և հայցվորների կողմից ներկայացված դրանց հակադարձ հիմնավորումները կարող եք ամբողջական տեսնել վերաքննիչ բողոքում:

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացրել ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

 

Գործի քննությունը նշանակվել է 2013 թ. նոյեմբերի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: