Կոտայքի մարզում երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վրաերթ, «Մուլտի գրուպի» աշխատակիցը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից:

 

«Նրանց փոխանցմամբ՝ անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը , «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտ գտնվող «ՓԱՅԼ» հյուրանոցային համալիրի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել Առինջ գյուղի բնակիչ, 46-ամյա Սուրեն Ղազարյանին»,- տեղեկացնում է կայքն ու հավելում, որ վերջինս տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 242-րդ հոդված 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապրհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

 

Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ Ս. Ղազարյանը աշխատում էր «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող գազալցակայնում եւ աշխատանքից վերադառնում էր տուն: