Ֆրանսիայից արտաքսել են հայ երիտասարդ Խաչիկ Խաչատրյանին եւ Կոսովոյից մի գնչուհու, եւ դա դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայում, որտեղ փողոց են դուրս եկել հարյուրավոր ուսանողներ: Հետաքրքիր է, որ Եվրոպայի նոր միգրացիոն քաղաքականության «դեմքն են» դառնում գնչուհին ու հայը:

 


Հայաստանը Ֆրանսիայի հետ արտահանձման (ռեադմիսիայի) պայմանագիր դեռ չունի, համաձայն որի Ֆրանսիան կարող է արտաքսել անօրինական ներգաղթյալներին: Ներկայում հայերին կարելի է արտաքսել, եթե նրանք օրենք են խախտում: Խաչիկին մեղադրել են մանր գողության մեջ եւ արտաքսել:

 


Հայաստանի ԱԳՆ-ը ոչ մի կերպ չի արձագանքել այս աղմկոտ միջադեպին: Ավելին, մոտակա ամիսներին Հայաստանը կարող է ԵՄ հետ ռեադմիսիայի համաձայնագիր կնքել վիզային ռեժիմի դյուրացման դիմաց, եւ հայ հարյուրավոր անօրինական ներգաղթյալներ կարող են հայրենիք վերադարձվել:

 


Պատրա՞ստ է Հայաստանը նման շրջադարձի: Ի վերջո, նրանք, ովքեր վերադառնան, Հայաստանում մնացած հիմնական զանգվածի պես լուռ չեն մնալու: Այդ մարդիկ պահանջներ են ներկայացնելու իշխանությանն ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի համար:

 


Հետաքրքիր է նաեւ այն, թե արդյոք արտաքսվողների մեջ կլիներ հայ, եթե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին չաներ համապատասխան հայտարարությունը: Հայերն այլեւս «յուրային» չեն Եվրոպայում, եւ այդ մասին վկայում է այն, որ վտարել են ոչ թե արաբի կամ աֆրոամերիկացու, այլ հենց հայի:

 


Այս համատեքստում, հետաքրքիր է, որ Ռուսաստանում հետապնդումներ են սկսվել ադրբեջանցիների նկատմամբ: Չլիներ սեպտեմբերի 3-ի որոշումը, Ռուսաստանի նոր միգրացիոն քաղաքականությունը նույնպես «հայկական դեմք» կունենար: Այդ դեմքը կարող էր դառնալ Հրաչյա Հարությունյանը, սակայն Սերժ Սարգսյանն ու ադրբեջանցի Զեյնալովը «փրկեցին» Ռուսաստանի հայ համայնքին:

 


Միգրացիայի հարցն աշխարհում դառնում է ակտուալ, եւ աստիճանաբար նկատելի են զտման միտումները, երբ տարբեր խմբեր բաժանվում են ազգային, կրոնական կամ այլ սկզբունքներով: Սոցիալական եւ տնտեսական պլանում երկրների միջեւ տարբերությունը հանգեցնում է բնակչության արտահոսքի անբարեկեցիկ երկրներից դեպի ավելի բարեկեցիկներ: Ինչ-որ պահի այդ գործընթացը գագաթնակետին է հասնում, երբ եկածներն ազդեցիկ, չձուլվող փոքրամասնություն են կազմում:

 


Երկրներից յուրաքաչնյուրը, որի բնակիչները գերադասում են արտագաղթել, քան պայքարել ու աշխատել հայրենիքում, պետք է պատրաստ լինի մեծ թվով վրդովված մարդկանց վերադարձին, սակայն նախեւառաջ պետք է պատրաստ լինեն գոնե արտասահմանում սեփական քաղաքացիների պաշտպանությանը: