«Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրեն, «Նոնո» մականվամբ հայտնի Գաբրիել Պողոսյանը որոշել է արտագաղթել Հայաստանից, քանի որ հիասթափված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գաբրիել Պողոսյանը:
Նա նշել է, որ որեւէ բանով չի զբաղվում, առայժմ հանգստանում է, թեեւ աշխատանքի առաջարկներ ունի: «Հիասթափվել եմ Հայաստանից, գնում եմ Ռուսաստան, գնում եմ խոպան՝ բետոն-մետոն անենք, ասֆալտ-մասֆալտ անենք, նորմալ է, նորմալ»,- ասել է նա:
Գաբրիել Պողոսյանն ասել է, որ ամբողջ ընտանիքով գնում են, երկիրը թողնում են այստեղ մնացողներին: Հարցին, թե հիասթափվել եք, որ այժմ արգելոցի տնօրեն չեք, նա պատասխանել է. «Ոչ, ես շատ գոհ ու շնորհակալ եմ իմ երկրից, իմ երկրի կառավարությունից, իմ երկրի նախագահից, բոլորից էլ գոհ ու շնորհակալ եմ: Ուղղակի Գնում եմ Ռուսատան, այնտեղ բիզնեսներ ունենք, գնում ենք դրանով զբաղվենք»::
«Գաբրիել Պողոսյանը րոպեների ընթացքում բազմիցս իրեն հակասեց, այնուհետեւ սկսեց ասել, թե այստեղ լավ աշխատանքի առաջարկներ ունի, «շատ լավ առաջարկներ կան, շատ լավ տեղեր կան աշխատելու, հիմա հանգստանում ենք, մի քիչ հանգստանանք, կանցնենք մի տեղ կաշխատենք, մեր հայրենիքից լավ հայրենիք որտեղ կա»: Իսկ թե ինչու է այդպես հակասում ինքն իրեն, արգելոցի նախկին տնօրենն ասաց՝ «կատակ եմ անում»: Թե Հայաստանից հիասթափված նախկին պաշտոնյան երբ է պատրաստվում մեկնել Ռուսաստան, Գաբրիել Պողոսյանը շտապեց նորից հակասել իրեն՝ «Ռուսաստան չեմ գնում, միշտ Հայաստանում եմ, լավ էլ տեղ աշխատում եմ, ու պետք չի ձեզ ասել, թե ինչով եմ զբաղված»»,-գրում է կայքը:
Նա նաեւ նշել է, որ տեղյակ է, որ «Խոսրովի»արգելոցում տեսուչին սպանել են, իր օրոք նման դեպք չի եղել: Լրատվամիջոցի հարցին, թե որն է եղել պատճառը, արդյոք կա տնօրենի մեղավորությունը, նա պատասխանել է. «Չէ, չէ, տենց հարցեր ինձ մի տվեք, ես հո քրեական աշխատող չե՞մ, նման բաներից շատ հեռու մարդ եմ»: