Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը hոկտեմբերի 19-ին ավարտել է իր աշխատանքները, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում «Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունների տարբեր մոդելներն այսօր» թեմայի շուրջ բանախոսել են Սերգեյ քահանա Մատյուշինը (Ռուս Ուղղափառ եկեղեցի) և Ասատուր Նահապետյանը (Երևանի Հայ ավետարանական-մկրտական քրիստոնյաների եկեղեցի):

 

«Կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները» թեմայի շուրջ զեկույցներով հանդես են եկել դոկտոր Պետեր Կրոմերը (Ավստրիայի Ավետարանական եկեղեցու զեկավար), մագ. Էլիզաբետա Կիտանովիչը (Եվրոպական եկեղեցիների կոնֆերանս, Եկեղեցի և հասարակություն հանձնաժողովի մարդու իրավունքների գծով գործադիր քարտուղար), Եվրոպական կառույցներում Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Հայր Նեկտարիուս Իոանիուն և Խոսե Լուիս Բազան (Միգրացիայի գծով իրավական խորհրդատու, Կաթոլիկ եպիսկոպոսների Եվրոպական հանձնաժողով):

 

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերությունները Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով չորրորդ նիստը սկսվել է ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի զեկույցով:

 

Այնուհետև բանախոսություններով հանդես են եկել նաև դոկտոր Թոմաս Սամուելյանը (Հայաստանում Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան), Արտակ Զաքարյանը (ՀՀ ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ) և Տիգրան Մեսրոպյանը (ՀՀ Կառավարման ակադեմիա, քաղաքագետ):

 

Գիտաժողովի եզրափակիչ նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում «Եկեղեցու դերը ՀՀ հասարակական կյանքում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ: Թեմայի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերություններին, համատեղ ջանքերով փորձառությունների, մոտեցումների և տեսակետների փոխանակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Մայր Եկեղեցու իրավունքները ոտնահարող գործընթացների կանխարգելմանը վերաբերող հարցերի:

 

Գիտաժողովի ավարտին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին գիտաժողովին մասնակցության համար' ընդգծելով, որ նման միջոցառումները համատեղ փորձի փոխանակման միջոցով առավել պիտի նպաստեն երկխոսությունների զորացմանը:

 

Դրական գնահատելով և ամփոփելով երկօրյա գիտաժողովի արդյունքները' մասնակիցները կարևորել են նման գիտաժողովների գումարման շարունակական լինելը: