Այսօր տեղի է ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, խոսելով կուսակցությունների հետ կլոր սեղան քննարկումների մասին՝ ասել է. «Մենք փորձեցինք ազատամարտիկներով հանդիսանալ այն միջնորդը, մերանը, որ քննարկենք երկրի խնդիրները: Կուսակցությունները նույնիսկ 70 տոկոսանոց վստահություն չունեն, մենք առաջարկում ենք այլընտրանքային կառավարման մի ձև:

Առաջին հարցը, որ առաջարկել էինք կուսակցությունները ներկայացնեին՝ երկրում տիրող իրավիճակն ինչպես են գնահատում: Իրենց կարծիքները թղթի վրա ենք ուզում տեսնել, որից հետո կհավաքվենք, համատեղ հայտարարությամբ հանդես կգանք, կոչ կանենք ժողովրդին միավորվել, որ կարգի բերենք այս իշխանության ղեկը, որը շեղվել է այլ տեղ: Այս երկրի իշխանությունները, որ հարուստ լափի տեր են դարձել' դարձել են նաև ազատամարտիկների շնորհիվ»:

Սուրեն Սարգսյանը նաև ասել է, որ իշխանությունները ոչնչի չեն ընդառաջում, որ ամբողջ երկիրը զբաղված է քցելով:Այն հարցին, թե կուսակցությունների հետ համագործակցությունը չի՞ ձախողվի, երբ մարդիկ այլևս չեն վստահում կուսակցություններին՝ Սուրեն Սարգսյանը պատասխանել է. «Այս վիճակի համար բոլորս ենք մտահոգ, այդ թվում նաև՝ ազատամարտիկները: Մենք պիտի կարողանանք մի կողմ թողնենք ամեն ինչ և սկսենք մաքուր կետից: Հա լավ, էդ մարդիկ հայ են, չէ՞: Ինչ-որ մի պահի բոլորն էլ կարող են շեղվել: Ով ինչ արել է, այսօրվանից պետք է աշխատի ժողովրդի աչքի առաջ»:

Սուրեն Սարգսյանն ասել է նաև, որ պայմանավորվել են Սերժ Սարգսյանի հետ. հանդիպում է լինելու, դրա համար ՀՀԿ-ի ներկայացուցիչներին քննարկմանը չեն հրավիրել. «Գուցե պարոն Սերժ Սարգսյանը տեսնում է խնդիրները: Ինչ-որ բան գիտի, ինչ-որ բան տեղ չի հասնում»: Մեզ որևէ պաշտոն պետք չէ. ես թքած ունեմ: Կա Կովալ Շահգալդյան (նկատի ունի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին,-Հ. Ջ.), որ իրեն թույլ է տալիս ասել՝ թող ազատամարտիկները չկռվեին: Հիմա ինքը լափում է դրա հաշվին: Նման մարզպետը ոչ միայն պիտի հեռացվի, այլև հրապարակում պիտի հետևը դաղեին»: