Մինչ երևանյան կենտրոնական փողոցներն ակտիվությամբ ամեն տարի ասֆալտապատում են, շատ շենքերի մուտքեր, ծայրամասային փողոցներ տարիներ շարունակ անմխիթար ու անաբարեկարգ վիճակում են մնում:

 

Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 1 հասցեում գտնվող շենքի բնակիչները Panorama.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ շենքի մուտքի մոտ գտնվող դիտահորերի կողքերին հսկայական փոսեր են առաջացել: Դրանցից մեկն էլ հենց ավտոտնակներից մեկի մուտքի մոտ է:

 

«Ամեն անգամ մեքենայով փոսն ընկնելիս, մեքենայի մի մաս շարքից դուրս է գալիս, հետն էլ փոսն ավելի է խորանում»,-ասաց շենքի բնակիչներից մեկը:

 

Ճիշտ է, փոսերից ոչ մեկի մեջ դեռ մարդ չի ընկնել, բայց դրանց' օր օրի մեծացող չափերից դատելով, ընկնողը կարող է լուրջ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել:

 

«Երևան Ջուր» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, թե հստակ չեն կարող ասել, տվյալ հասցեում գտնվող դիտահորերի ու դրանց հարակից տարածքների վերանորոգումն իրենց պարտականությունների շրջանակո՞ւմ է, թե՞ ոչ:

 

«Մինչև մարդ չուղարկենք, չենք կարող ասել: Գուցե համատիրության է պատկանում, գուցե մեր սպասարկման տիրույթում է: Դուք հրապարակեք, եթե հարկ լինի, մենք կանդրադառնանք»,-այսպես արձագանքեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը:

 

Ի դեպ, քաղաքային իշխանությունների, առողջապահության նախարարության, «Երևան Ջուր» ընկերության ի գիտություն նշենք, որ մայրաքաղաք Երևանում կան փողոցներ, որոնք ընդհանրապես զրկված են կոյուղատար համակարգից ու բնակիչները հարցը լուծել են' ով ինչպես կարողացել է: