«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչեւ վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։ News.am-ի փոխանցմամբ, սրանք 16-ամյա Էդգարի մոր՝ Աննա Կարապետյանի խոսքերն են որդու դին տուն բերելուց անմիջապես հետո։ Աննան պնդեց, որ մեր լրագրողը ներս մտնի ու նկարահանի սգացող հարազատներին ու որդու մարմինը, որին սառնասրտորեն հնարավոր չէր նայել։ Հասկանալի պատճառներով այդ կադրերը կայքում չենք տեղադրում։ Նույն պատճառով չենք տեղադրում նաեւ Էդգարի մոր ու քրոջ հետ զրույցը։ Կատարվածի մասին զրուցեցինք Էմմայի ընկերուհու՝ Սիրանույշ Տռուզյանի հետ, որը մեզ փոխանցեց Էմմայի պատմածը։

 

Դեպքի օրը Հայկ եւ Արթուր Հակոբյանները՝ իրենց որդիների ու դուստրերի հետ վերադառնում էին Ծաղկաձորից, ուր գնացել էին Նոր տարվա տոների համար հինգ օրով սենյակ պատվիրելու։ Մինչեւ Ծաղկաձոր գնալը տանը սեղան են բացել, Էդգարը կատակով ասել է՝ թե «գիտեք, ես կյանքում ավարիայի մեջ ընկած չկամ»։ Սիրանույշի խոսքով՝ Էդգարը կարծես կանխազգում էր ողբերգությունը։ Երկու օր առաջ մի տեսահոլովակ է միացրել, ու մորը խնդրել, որ նայի եւ ուշադրություն դարձնի բառերին՝ «մամ ջան, ինձ կներես», նաեւ տեսահոլովակի ավարտին, որտեղ երգիչը համբարձվում է երկինք։ Մայրը բարկացել է, թե «այ բալա, էս յանիմ ինձ խի՞ ես դնում»։ Բացի դրանից, երկար ժամանակ մորը համոզում էր եկեղեցի կառուցել։ Սիրանույշի խոսքով՝ Էդգարը շատ կենսուրախ էր, կյանքով ու ծրագրերով լի։ Ուշք ու միտքն իր դասերն էին ու սպորտը։ Երազում էր հարստանալ ու «բոյով լինել». «Կտեսնես, երկու տարի հետո էնքան բոյով եմ լինելու»,- սիրում էր կրկնել Էդգարը։

 

Հորեղբոր որդիներ Էդգարն ու Էդուարդը տարեկիցներ էին՝ 16 տարեկան, ծնվել էին 20 օրվա տարբերությամբ ու շատ մտերիմ էին։ Դեպքի օրը Էդգարը, Էդուարդն ու Տաթեւիկը նստած են եղել «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի հետեւի նստարանին։ Էմման՝ Էդգարի քույրը, նստել էր դիմացը՝ հոր եւ հորեղբոր արանքում՝ դեմքով դեպի եղբայրները։ Վարորդը հորեղբայրն էր՝ Արթուրը։ Ճանապարհին Էմման եղբորը խնդրել է տեղերով փոխվել՝ դժգոհելով, որ մեջքը ցավում է։ Էդգարը չի համաձայնել, թե՝ «ես Էդոյիս կողքն եմ նստում»։

 

Ճանապարհին Հայկն Արթուրին ասել է՝ դանդաղ վարի մեքենան, «մութ ա, թող մի քիչ ուշ հասնենք, բայց երեխեք կան ավտոյի մեջ, նորմալ տեղ հասնենք»։ Էդգարի մայրը պատմեց, որ տեգրը շատ զգույշ է վարում մեքենան. «Տեգրս էնքան լավ, ակուրատնի վարորդ ա, 60-ից ցածր ա քշել»։

 

Էմմայի պատմելով՝ կամրջի տակ՝ խաչմերուկում, Արթուրը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը՝ տեսնելու՝ մյուս կողմից մեքենա գալիս է, թե ոչ, երբ Վարդան Պետրոսյանի մեքենան հետեւից հարվածել է։ Էմման, որն ամենաքիչն է տուժել վթարից, արագ կողմնորոշվել է, զանգել շտապօգնություն, ընտանիքին, նույնիսկ հասցրել է անջատել մեքենայի շարժիչը ու հերթով դուրս է բերել հարազատներին։

 

Երբ շտապօգնությունը եկել է, մտածել է, թե եղբոր վիճակը լավ է, ճակատը համբուրել է, ասել՝ «մի նեղվի, ախպերս, պինդ եղի, ես պապայի հետ գնամ, պապայի սիրտը հիվանդ ա»։ Նույնիսկ պահանջել է, որ բժիշկները նախ սրսկեն հորը, հետո տանեն, որ սիրտը դիմանա, քանի որ հայրն ի ծնե սրտի արատ ունի։ Եղբայրը՝ Էդգարը, մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

 

Հայկի ողնաշարը վնասվել է, նրան թույլ չեն տալիս շարժվել, անդամալույծ դառնալու վտանգ կա։ Բայց պնդել է, որ հոգեհանգստին իրեն տուն բերեն։ Սկզբում հարազատները որոշել են Հայկին որդու մահվան լուրը չհայտնել, բայց կինը պնդել է՝ թե «ինձ չի ների»։ Սկզբում Հայկին նախապատրաստել են, ասել են, թե տղաները լավ չեն, դեպի վատն են գնում։ Ավելի ուշ Հայկին ընկերներն ասել են ճշմարտությունը։ Երեկ երեկոյան Աննան գնացել է Հայկի մոտ հիվանդանոց՝ սիրտ տալու։ «Չի լացել, դուխ է տվել, դուրս եկել, հիվանդանոցի բակում ընկել»,- պատմեց Սիրանույշը։

 

Էմմայի վիճակը համեմատաբար լավ է, միայն երեկ են պարզել, որ ողերից մեկն է կոտրվել։ Նրա հորեղբոր աղջիկը՝ Տաթեւը, հիվանդանոցում է, մի քանի վիրահատություն է տարել, վիճակը ծանր է, դեռ պարզ չէ՝ կկարողանա քայլել, թե ոչ։

 

Հորեղբոր՝ Արթուրի վիճակն այնքան ծանր է, որ նրան թույլ չեն տալիս որդու հուղարկավորությանը մասնակցել։ Նրան երեք անգամ վիրահատել են։

 

Հակոբյանների ընտանիքը կատարվածի մեղավոր է համարում դերասան Վարդան Պետրոսյանին։ Վստահեցնում են, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, եւ 180 կմ/ժամ արագությամբ։

 

Հակոբյանները զայրացած են իրենց ընտանիքի դժբախտության նկատմամբ հանրության անտարբերությունից, եւ նրանից, որ «բոլորին հետաքրքրում է միայն դերասանի վիճակը»։ Վարդան Պետրոսյանի ընտանիքից ոչ ոք նրանց չի այցելել, ցավակցություն չի հայտնել։

 

Խմբագրությունը զգուշացնում է, որ տեսանյութը թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել։