Վրաստանում ավարտվել է նախընտրական քարոզարշավը, և թեկնածուները պատրաստվում են վաղը կայանալիք նախագահական ընտրություններին: Քվեաթերթիկների վրա ընդգրկված է նախագահի 23 թեկնածուի անուն: Սակայն ընտրազանգվածները ընտրություն են կատարելու 22-ից. թեկնածուներից մեկը' Ակակի Ասատիանին հանել է իր թեկնածությունը խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի օգտին: Սակայն նրա անունը մնալու է քվեաթերթիկների վրա:

 

Մի շարք վրացական և արտասահմանյան փորձագետների գնահատականով' Վրաստանում նախագահական ընտրությունները կարող են հենց առաջին փուլում ավարտվել իշխող կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակով:

 

Մարգվելաշվիլիի հաղթանակը կանխատեսում են նաև սոցհարցումները: Համաձայն վերջին շաբաթվա ընթացքում անցկացված հարցման' Մարգվելաշվիլին կարող է հավաքել ձայների 57.6%-ը' հաղթանակ տանելով ընտրությունների առաջին փուլում:

 

Համաձայն Վրաստանի ընտրական օրենսգքրի' եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների 50%' գումարած մեկ ձայն, ապա նշանակվում է 2-րդ փուլ' առավել շատ ձայն հավաքած 2 թեկնածուների միջև:

 

Ընտրազանգվածների ակտիվության նվազագույն շեմ սահմանված չէ: