«Մենք` «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման:

 

Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով «հաղթանակի» հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝ արդեն տևական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, և տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների և մասնավորապես երևանցիների սոցիալական վիճակը,:

 

Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:

 

Միանում ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության»:

 

«Ժառանգություն» կուսակցության

 

«Հայք» երիտասարդական-ուսանողական միություն