Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանը և Միլան Ցաբրնոխը վերահաստատում են իրենց հաձնառությունը շարունակելու Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը` հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա' Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու նպատակով: Այս մասին, մասնավորապես, ասված է համանախագահների այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահները նշում են, որ կարճաժամկետ հեռանկարում կարելի է էական առաջընթաց ակնկալել հատկապես ոլորտային համագործակցության առումով: Որպես օրինակ նշվում ԵՄ- Հայաստան մուտքի արտոնագրերի դյուրացումը:
Ինչպես հայտարարության ընդունմանը հաջորդած ասուլիսում հայտնեց Միլան Ցաբրնոխը, ԵՄ-ն «կանաչ լույս» է տվել Հայաստանի քաղաքացիների արտոնագրերի դյուրացման համաձայնագրին և ակնկալում է, որ առավել կդյուրացվի Հայաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ անդամ երկրներ և ճամփորդության իրավունքը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ դա չի նշանակում ամիջապես հիմա առանց վիզաների երթևեկելու իրավունք:
Հանձնաժողովի եվրոպացի համանախագահը նշեց նաև, որ իրենք պետք է նոր շունչ հաղորդեն այն ծրագրերին, որոնք իրականացվում էին Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, որովհետև վերջինս և Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշումն անհամատեղելի են:
Սամվել Ֆարմանյանն էլ իր հերթին հայտնեց, որ Հայաստանի Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստերում քննարկել համաձայնագիրը և արդեն հաջորդ քառօրյայում այն կվավերացնի, որին կհաջորդի ՀՀ Նախագահի ստորագրությամբ վավերացումը: Ըստ նրա' ակնկալվում է, որ 2014թ.-ի հունվարից այն կմտնի ուժի մեջ:
«Վիզաների դյուրացումն այն կոնկրետ արդյունքներից մեկն է, որը մենք կարող ենք համարել որպես Հայաստան-ԵՄ ինտենսիվ հարաբերությունների հետևանք: Այնպես, որ հիմա տարբեր գնահատականներ են հնչում, երբեմն' ծայրահեղ, երբեմն' առավել ծայրահեղ գնահատականներ, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ այդ համագործակցությունը իսկապես եղել է արդյունավետ և ունեցել շատ կոնկրետ հետևանքներո»,-ընդգծեց Ս.Ֆարմանյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած վերջին շրջադարձերին, ապա, ըստ Ս.Ֆարմանյանի, «մենք հարգանքով ենք վերաբերվում Եվրախորհրդարանի և Եվրամիության գործընկերների նման գնահատականներինո»:
«Բայց ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը իր հայտարարություններում և ձգտումներում մշտապես եղել է ազնիվ, մշտապես հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստակամ է ԵՄ-ի հետ զարգացնել իր հարաբերությունները մերձեցման ուղղությամբ առավելագույնս, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն տարբեր հանգամանքներով պայմանավորված, ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, ունենալով իր բացառիկ հետաքրքրվածությունը հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ, մշտապես հայտարարել է, որ Հայաստանը ցանկություն ունի նաև իր մասնակցություն ունենալ ինտեգրացիոն այդ գործընթացներումո»,-նշեց Ս.Ֆարմանյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ որոշ ժամանակ անց' հատկապես Վիլնյուսի գագաթաժողովից հետո, առավել կհստակեցվեն այն նոր օրակարգը, նոր շրջանակները, որոնցով տեղի կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը:
«Փաստինֆո»