Մեղադրյալ Արփինե Մայսուրյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով իր դեմ քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնել: «Ես անմեղ եմ, սակայն ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչականի քննիչ Ա.Մխիթարյանի քննությամբ' ես կրում եմ մեղադրյալի պիտակը, պետք է արդար քննություն անցկացվի, որի արդյունքում սուտ ցուցմունք տվողները պետք է պատժվեն ու պատասխանատվության ենթարկվեն' իրենց ցուցմունքների հիման վրա անօրինական անազատության մեջ իմ գտնվելու կապակցությամբ»,- նշում է մեղադրյալը:
Ա.Մայսուրյանը նշում է, որ իր հետ «շատ ցավալի դեպք է պատահել». ծնողների օգնությամբ բնակարան է գնել Երևանում և մեղադրյալ դարձել, ակնկալում է, որ « Ձեր հսկողության շնորհիվ արդար քննություն կիրականացվի Կենտրոնականի քննչականում, և զրպարտիչները կպատժվեն' ինձ տառապանքներ պատճառելու համար»:
Իսկ գործի հանգամանքները հետևյալն են. 2010թ. սեպտեմբերի 11-ին Ա.Մայսուրյանը Զարուհի Պողոսյանից գնել է Երևանի Խանջյան փողոցի 31 շենքի 25 բնակարանը' 10.180.000 ՀՀ դրամին համարժեք 28.000 ԱՄՆ դոլար գումարով: Այդ գործարքը գրանցվել է «Կենտրոն» նոտարական գրասենյակում, իսկ Կենտրոն վարչական շրջանի կադաստրից գնորդն ստացել է սեփականության վկայական: Յոթ ամիս անց, երբ Զարուհի Պողոսյանը վերադարձել է ՌԴ-ից, ուր մեկնել էր տան վաճառքից հետո, իր երեխաների մոտ, իր դստեր հետ եկել է Արփինեի տուն և հայտարարել, որ տունը էժան է վաճառել և որ վերջինս պետք է ավելացնի ևս 7000 ԱՄՆ: Արփինեն չի համաձայնել, քանի որ վճարել է այնքան, որքան պայմանավորվել էր Զարուհի Պողոսյանի հետ: Բնակարանը գնելու համար գումարն Արփինեին Ուկրաինայից ուղարկել էին հայրն ու եղբայրը, ինքն էլ տվել է այն Զարուհուն:
Գործարքը կատարելիս ինքն ու Զարուհին եղել են միայնակ, սակայն իր հայրը զանգահարել է իրեն ու Զարուհու հետ խոսել՝ հարցնելով՝ ուրիշ ծախսեր կա՞ն, թե՝ ոչ: Զարուհին պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է, բացի ստացված գումարից՝ այլ ծախսեր չկան:
Զարուհին ու նրա հարազատները՝ դուստրը, որդին ու եղբոր որդին, շարունակ գնորդից 7000 ԱՄՆ դոլար էին պահանջում կամ պահանջում էին, որ նա նոտարական կարգով վավերացված պարտավորագիր գրի առ այն, որ ինքն այդ գումարը պարտք է բնակարանի նախկին տիրոջը: «Ես իհարկե չհամաձայնվեցի ու նրանք ինձ սպառնացին, որ կդիմեն դատարան և տան առուվաճառքի պայմանագիրը չեղյալ կճանաչեն»,- նշում է Ա.Մայսուրյանը:
2012թ. հունվար ամսից Զարուհի Պողոսյանը քաղաքացիական հայցով դիմել է դատարան՝ բնակարանի առուծախի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջով, որը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ այդ վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2013թ. հունվարի 25-ի որոշմամբ' վճիռն օրինական ուժ է ստացել:
Դրան ի պատասխան իրենց տուն է այցելել Զարուհու եղբոր որդին և պնդել՝ «Ճիշտ է, մենք քաղ.գործով չհասանք հաջողության, բայց եթե 7000 ԱՄՆ դոլարի պարտավորագիր գրես, կհաշտվենք, իսկ եթե ոչ՝ բոլորովս կգնանք ոստիկանություն ու կասենք, որ Զարուհուն խաբել ես: Ես ու մայրս ասացինք՝ ուր ուզում եք գնացեք, մենք օրենք չենք խախտել: Այս խոսակցությունը լսել է նաև մեր հարևան Աիդան, որի բացատրությունը, որպես ապացույց, մեր պաշտպանը ներկայացրել է քննիչին: Ի դեպ, քաղաքացիական գործի քննության ժամանակ, մենք տեղեկացանք, որ Զարուհին իր ծանոթ Արմենակ Հովհաննիսյանին փոխառության պայմանագրով 8.750.000 ՀՀ դրամ / 20000 դոլար/ գումար է տվել՝ 24.000-ն ստանալու ակնկալիքով: Այդ փաստը ձայնագրվել է դատական նիստերի ընթացքում, քաղ. գործում է գտնվում փոխառության պայմանագիրը և վճռով հաստատվել է այն»:
Ա.Մայսուրյանը նշում է, որ Զարուհու՝Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում շինարարական աշխատանքներ կատարող Արմենակ Հովհաննիսյանի հետ իրեն ծանոթացրել է Զարուհին: Ա.Հովհաննիսյանը Զարուհու միջնորդությամբ ու համապատասխան վճարի դիմաց շինարարական աշխատանքներ է կատարել նաև Ա.Մայսուրյանի բնակարանում:
Մինչդեռ զրպարտության արդյունքում այլ բան է մատուցվում՝ իբր ինքը, Արմենակ Հովհաննիսյանի հետ «չարաշահելով Զարուհի Պողոսյանի վստահությունը, առանց բնակարանի արժեքը վճարելու, խարդախությամբ ձեռք է բերել Երևանի Խանջյան փողոցի 31 շենքի 25 բնակարանը և սեփականության իրավունքով, ներկայանալով Զարուհի Պողոսյանին նորապսակներ և իբրև առանց Զարուհի Պողոսյանին բնակարանի արժեքը վճարելու, միայն 180.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կանխավճարով կնքել են բնակարանի առուվաճառքի պայմանագիր: Զարուհի Պողոսյանին մոլորեցնելու նպատակով նույն նոտարական գրասենյակում նույն օրը Արմենակ Հովհաննիսյանը Զարուհի Պողոսյանի հետ կնքել է փոխառության պայմանագիր, որ նա Զ.Պողոսյանից պարտքով վերցրել է 8.750.000 ՀՀ դրամ՝ պարտավորվելով վերադարձնել 30.09.2012թ-ին»: Եվ երբ 30.09.2012թ. էլ 8.750.000 ՀՀ դրամը Արմենակը չի վերադարձնում, «նրանք ուրիշի պարտավորությունը անհեթեթ պատմությամբ ուզում են դնել ինձ վրա»: Այս գործարքն, ըստ Ա.Մայսուրյանի, ընդհանրապես կապ չունի իր հետ և փոխառության պայմանագրի մասին ինքն իմացել է 2012թ. դատարանում քաղ. գործի քննության ժամանակ:
«Այս հեքիաթը քննչական բաժնում ընդունվել է որպես իրողություն, և ինձ մեղադրում են խարդախություն կատարելու մեջ: Այդ մեղադրանքով նաև ինձ կալանավորել էին և ես երկու ամիս գտնվում էի անազատության մեջ: Այժմ գրավի կիրառմամբ ազատվել եմ կալանքից, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է»:
Ըստ Ա.Մայսուրյանի՝ անտրամաբանական է, ինչպե՞ս կարող է 10.180.000 ՀՀ դրամին համարժեք 28.000 ԱՄՆ դոլար գումարով գնված բնակարանի համար, որպես երաշխիք փոխառության պայմանագիր կնքվել ավելի ցածր գումարով, այն էլ՝ այն դեպքում, երբ բնակարանը պիտի վաճառվեր 35.000 ԱՄՆ դոլարով: Եթե դա բնակարանի երաշխիք լիներ, ապա փոխառության պայմանագիրը կկնքվեր 10.180.000 ՀՀ դրամով, ինչպես տան առուվաճառքի պայմանագրում նոտարով գինը նշված է: Եվ, վերջապես այդպիսի դեպքերում հիփոթեքի պայմանագիր է կնքվում: «Զարուհին անշարժ գույքի շուկայում հենց այդպես էլ գինն ասել է, բայց ես գինը իջեցրել էի, իսկ երբ գնացել եմ բնակարանը տեսել եմ, թե ինչ անմխիթար վիճակ է բնակարանում, Զարուհին համաձայնել է 28.000 ԱՄՆ դոլարով վաճառքի գնի հետ»:
Քաղաքացիական գործում է գտնվում Կենտրոնի նոտար' Մ.Մանուկյանի գրությունը, որ Զարուհի Պողոսյանի և Արփինե Մայսուրյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր' Երևան քաղաքի Խանջյան փողոցի 31 շենքի 25 բնակարանի նկատմամբ և վաճառող Զ.Պողոսյանը հայտարարել է, որ բնակարանի գումարը ամբողջությամբ ստացել է գնորդից և գրանցամատյանում ստորագրել ու գրել «ամբողջ գումարը ստացել է»:
«Գործարքը կնքելիս գումարը Զարուհուն փոխանցելիս մենք եղել ենք միայնակ, մեզ հետ այլ անձ չի եղել: Սակայն քրեական գործով Զարուհու ազգականները' դուստրը՝ Հասմիկը, եղբոր որդին' Վրեժ Դավթյանը, Զարուհու՝ Աբովյան քաղաքի բնակարանի տնվորները որպես վկա ցուցմունքներ են տվել, որ ես բնակարանի գումար Զարուհուն չեմ տվել և նրանց հետ էլ քննիչ Աշոտ Մխիթարյանը առերես հարցաքննել է ինձ և և մորս: Ինչպես կարող են նրանք վկաներ լինեն, երբ նրանք ոչ տան վաճառքի գնի պայմանավորվելու, ոչ գումարը Զարուհուն տալու և ոչ էլ նոտարական գրասենյակում գործարքը կնքելիս ներկա չեն եղել, իսկ քննիչը մինչև այժմ Զարուհի Պողոսյանին ու ինձ առերես չի հարցաքննել, և ես չեմ պատկերացնում, որ տիկին Զարուհին իմ աչքերին նայելով կարող է ասել, որ ես նրան բնակարանի 28.000 ԱՄՆ դոլար գումարը չեմ տվել: Հայրս և եղբայրս 30.000 ԱՄՆ դոլար գումարը Ուկրաինայից 2010թ. սեպտեմբերի սկզբին ուղարկել են ինձ, Զարուհի Պողոսյանը տվել է ստացական, որ ստացել է 10.180.000 ՀՀ դրամ, այնուհետև հայտարարել, որ պարտք ու պահանջ չունի ինձնից: Այդ գրավոր փաստաթղթերը հենց Զարուհու խնդրանքով գրվել է իմ կողմից, սակայն ստորագրվել և անուն ազգանունը գրվել է Զարուհու ձեռքով, որը հաստատված է քաղաքացիական գործով դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ և ուժի մեջ մտած վճռով»:
Ըստ մեղադրյալի՝ քննիչ Աշոտ Մխիթարյանն իրեն մեղադրանք է առաջադրել՝ Զարուհի Պողոսյանին շրջապատող անձանց զրպարտող ցուցմունքների հիման վրա, մինչդեռ իրեն շրջապատող անձանց չի հարցաքննել. «Այժմ մեր պաշտպան' Ա.Ավագյանը միջնորդությամբ նրան է ներկայացրել ինձ շրջապատող անձանց բացատրությունները՝ նրանց որպես վկա հարցաքննելու համար, որոնք նույնպես տեղյակ են այս պատմությանը և նաև նրան, որ ես երբևէ ոչ նշանված եմ եղել Զարուհուց պարտք վերցրած Ա.Հովհաննիսյանի հետ, և ոչ էլ նրա հետ կապ եմ ունեցել ու նրա հետ՝ որպես շին. աշխատանքներ կատարող անձի, ծանոթացել եմ Զարուհու միջոցով»:
Արփինեն նշում է, որ քաղաքացիական գործի քննության ժամանակ ունեցել է այլ պաշտպան, որը կարևորություն չի տվել քրեական գործի քննությանը, քանի որ Զարուհու հայցը դատարաններում մերժվել էր և պաշտպանն իրեն չի տեղեկացրել, որ քննիչի կանչով ներկայանալը պարտադիր է: Այդուհանդերձ, բացի մի քանի անգամից, «ես բազմիցս քննիչի և իմ պաշտպանի հետ պայմանավորվել եմ ու ներկայացել ու որպես վկա ցուցմունքներ տվել քննությանը: Եղել են դեպքեր, որ պաշտպանիս քույրն էր մահացել, պաշտպանս հիվանդ է եղել կամ՝ զբաղված: Այդ դեպքերում տեղեկացրել եմ քննիչին, սակայն նա այնքան միակողմանի քննություն է կատարել, որ արձանագրություններ է կազմել, որ իբր ես անհարգելի պատճառով չեմ ներկայանում քննությանը, և այդ՝ քննությունից խուսափելու հիմքով էլ ինձ ներգրավվեց որպես մեղադրյալ ու կալանավորեց' անուղղակի վկաների հետ առերես հարցաքննելուց հետո:
«Քննիչը բազմիցս ինձ ասել է՝ բեր, բնակարանի փողը տուր Զարուհուն, գործը փակվի, գնա, վկայի կարգավիճակում համոզում էր մեղքս ընդունել, ձերբակալման օրը ինձ առանձին սենյակում քննիչը փակեց, սպառնում էր ու ասում՝ դու կես ժամ ժամանակ ունես, մեղքդ ընդունի, բաց կթողնեմ, կգնաս, հակառակ դեպքում կկալանավորեմ, սակայն ես բնակարանի համար վճարել եմ, ինչու պիտի նման քայլի գնայի, ու այդ օրը կալանավորեց»,- գրում է Արփինե Մայսուրյանը:
«Փաստինֆո»