«Արմենիա» հեռուստաընկերության լուրերի հաղորդավարի կարծիքը, թե Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Արցախի հարցով պայմանավորելու դեպքում մեր երկիրը կհրաժարվի ՄՄ անդամակցությունից և կստորագրի Եվրամիության հետ «Ասոցացման պայմանագիրը», մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում: Ռուսական մի քանի հեռուստաալիքներում բանավեճեր են ծավալվել, որոնց մասնակիցներն ընդգծել են, որ Հայաստանը քամահրական վերաբերմունք է ցուցաբերում ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հանդեպ:

 

Այդ մասին հոդվածներ են հրապարակվել նաև մի շարք առաջատար թերթերում, որոնց հեղինակները կոչ են արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պահանջել Հայաստանի իշխանություններից բացատրություն տալ «Արմենիա» հեռուստաընկերության լուրերում հնչած խոսքերի առթիվ...

 

Անիմաստ է, չէ՞, ոնց որ թե, վերը նկարագրված իրավիճակը, եթե չասենք՝ անհեթեթ: Ճիշտ է, միգուցե «Արմենիա» հեռուստաընկերությունն իր դերակատարությամբ լրիվ համապատասխան չի ռուսական Առաջին ալիքին, այլ մոտավորապես, բայց սա հայելային պատկերն է ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Իրադա Զեյնալովայի՝ Արցախի շուրջ հայ-ադրբեջանական «տարածքային վեճի» մասին հայտարարության հայկական արձագանքի:
Շատերն, այնուհանդերձ, Հայաստանում առաջացած վրդովմունքի ալիքի պատճառը կհամարեն էն, որ Ռուսաստանը մեծ տերություն է և փոքր երկրի հեռուստատեսությանը չի արձագանքի:

 

Միայն թե, իմ կարծիքով, խնդիրը մեծությունը կամ փոքրությունը չէ, այլ էն, որ ոչ մի ռուս հայկական հեռուստատեսություն չի նայում, իսկ հայերի մի ահագին մասն իր կյանքը չի պատկերացնում առանց ռուսական հեռուստատեսության, հայկական եթերի կեսն էլ զբաղեցնում են ռուսական ռադիոներն ու հեռուստաալիքները: Դա նշանակում է, որ Հայաստանը դեռ խորը տեղեկատվական կախվածության մեջ է Ռուսաստանից, գաղութային կախվածության:

 

Մի ուրիշ հոդվածի առթիվ պատահել է, ու, ենթադրում եմ, որ հիմա էլ շատերն էս թեմայով խոսակցությունն ընկալելու են որպես իրենց ռուսական հեռուստահաղորդումներից զրկելու վտանգ, որոնք հայկականներից ավելի որակյալ են: Ստիպված եմ սրելու հարցադրումը՝ նույն մարդիկ կնայեի՞ն թուրքական կամ ադրբեջանական հեռուստատեսությունները, եթե դրանք արհեստավարժ հաղորդումներ ունենային… Ճշտեմ. իսկ եթե նայեին, կխոստովանեի՞ն հրապարակային ձևով:

 

Հազիվ թե: Մինչդեռ դրանք նույն բանն են՝ մշտապես մի որևէ երկրի տեղեկատվությունն (ու մշակույթը) սպառելու արդյունքում միջին վիճակագրական քաղաքացին դառնում է էդ երկրի ազդեցության գործակալ: Դրա բազմաթիվ արտահայտություններից մեկն է ուղղակի դիմումը ուրիշ երկրի նախագահին, տվյալ պետության ընկալումն ըստ իր քարոզչության և ոչ ըստ ժամանակակից աշխարհում նրա իրական վարկի:

 

Շատ հավանական է, որ էս նույն մարդիկ ինձ մեղադրեն, որ դեմ եմ ռուսական մշակույթի հետ ավանդական կապերին: Ճիշտ չէ, կարող եմ նաև ապացույցներ բերել, եթե հարկ լինի, բայց էս պահին միայն պետք է պարզաբանեմ, որ խոսքը ոչ թե բարեկամ կամ թշնամի երկրներին է վերաբերում, այլ Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը: Վառ օրինակ է եվրոպացիների վիրավորանքը իրենց «ավագ դաշնակից» ԱՄՆ-ից, որը գաղտնալսել է, ինչը որ հնարավոր է եղել:

 

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից դաշնակցային չէ, այլ գաղութային: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գաղութատիրությունն աշխարհում արտահայտվում է ոչ թե օտար բանակի առկայությամբ, այլ ապրանքանիշային, մշակութային ու տեղեկատվական էքսպանսիայի: Կուսակալների միջամտության փոխարեն գաղութացվող երկրի տնտեսության մեջ օտար տերության ներկայությունն ապահովում են «բրենդների» խորհրդանիշերը՝ «Կոկա-կոլա», «Մաքդոնալդս», CNN, MTV, Apple, «Մայքրոսոֆթ», բեսթսելերներ, բլոքբասթերներ, «Նիվա», «վոդկա»…
Բերեմ մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն են տալիս էս խնդրին նույնիսկ մեծ երկրները:

 

Հնդկաստանի անկախությանը ոչինչ չի սպառնում, իսկ երկրում խոսքի ազատության սահմանափակումներ չկան, բայց հնդկական մեդիային արգելված է ուղղակիորեն օգտվել արտասահմանյան լրատվական գործակալությունների տեղեկություններից, լինի Ռոյթերս, Ասոշիեյթիդ պրես թե ինչ: Լուրերը պետք է նախ ձեռք բերեն տեղական գործակալությունները, մաքրեն քարոզչական բովանդակությունից, հետո միայն տարածեն հնդկական ԶԼՄ-ներով…

 

Մինչդեռ մեր հեռուստատեսությունների մեծ մասում միջազգային լուրերի հաղորդավարի ձայնի տակից ռուսերեն ձայն է լսվում՝ այսինքն, մեզ ստիպում են աշխարհին նայել ուրիշի աչքերով ու ոչ թաքցնում են, որ ոչ միայն տեսաշարն են վերցրել, այլև մեկնաբանությունը:

 

Հիմա մեր բախտն էնպես է դասավորվել, որ Հայաստանում նաև օտար տերության ռազմական բազա կա, դա պարտավորեցնում է էլ ավելի զգույշ լինել էդ երկրի տեղեկատվական ներկայության հանդեպ: Հարցի արմատական լուծումը կախված է իշխանությունից, որը բազմաթիվ առիթներով ցույց է տվել իր անողնաշարությունը, երբ անհրաժեշտություն է եղել դիմադրել Ռուսաստանի ճնշմանը, իսկ «սեպտեմբերի 3-ից» հետո ոչ էլ հույս կա, որ կդիմադրի, ուստի, գոնե հանրությունն արժանապատվություն ու զգոնություն պետք է ցուցաբերի և շաբաթով չքննարկի մի նախադասություն, որը հնչել է օտար հեռուստատեսություններից մեկով:

 

Ընդ որում, բոլորովին ուշք չդարձնելով հաղորդավարի ազգությանը, որի հակահայկականության մասին ես որևէ տեղեկություն չունեմ, և ավելի հավանական եմ համարում, որ, ասենք, Սերգեյ Կուրղինյանի նման ռուս շովինիստ է:

 

Մանավանդ որ Հայաստանում էլ պակաս չեն «իրադազեյնալովաները», ովքեր Արցախի հարցը մատուցում են որպես «տարածքային վեճ», որի լուծումը կապում են ուրիշ երկրների «թագավորների» քմահաճույքի հետ: Իսկ էդպիսի մարդիկ կա՛մ իշխանության հովանավորությունն են վայելում, կա՛մ հենց իշխանությունն են, որ կան, որին էլ պետք է ուղղել բոլոր հարցերը: