Երևանի քաղաքապետարանը Հայկ Մարությանին, Պետրոս Ղազարյանին և Ալեն Սիմոնյանին հրավիրում է քաղաքապետարան' մասնակցելու տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին:
Այս մասին այսօր հայտարարել է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
«Նրանց համարելով խնդրի լուծման համար իսկապես սրտացավ մարդիկ' մենք հրապարակայնորեն հրավիրում ենք մասնակից լինել հանձնաժողովի աշխատանքներին և փորձել համատեղ ուժերով հասնել խնդրի' ընդունելի և արդար լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած քննարկման համար»,-ասել է Նիկոյանը։
MediaMall.am-ը փորձեց հրավիրվածներից ճշտել՝ ընդունու՞մ են քաղաքապատերանաի հրավերը: Մեր հարցին Պետրոս Ղազարյանը պատասխանեց, որ իրեն անձնապես ոչ ոք չի հրավիրել, այդ մասին մամուլում է հրապարակվել, իսկ ինքը հինգշաբթի օրը, 15.30-ին քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին,տրանսպորտի հանձնաժողովի անդամներին և այլ շահագրգիռ կողմերին հրավիրում է «Հայկական ուրբաթ» հաղորդմանը՝ բաց քննարկման: «Ոչ մի մոնտաժ, եթերի կրճատում չի լինելու, թող գան՝ իրենց փաստարկներով»,- հայտարարեց Ղազարյանը:
Հրավիրյալներից Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Սիրով ընդունում եմ հրավերը»:
Սիրված դերասան Հայկ Մարությանի հետ չհաջողվեց կապ հաստատել: