Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին:
Ողջունելով հյուրերին Արցախի Նախագահն ընդգծել է երկրում փաստաբանական ինստիտուտի կայացման կարևորությունը: ՙԱնհրաժեշտ է իրավական մշակույթը և հանրային իրավագիտակցությունը բարձրացնել Արցախում, քանի որ այն հանդիսանում է անվտանգության երաշխիք: Բացի դրանից շատ կարևոր է որ Լեռնային Ղարաբաղում նույնպես բարձրանա հանրության վստահությունը փաստաբանի և ընդհանրապես իրավական համակարգի հանդեպ՚,- նշել է Բակո Սահակյանը: Նրա խոսքով փաստաբանների պալատի պատվիրակության այցը պահանջված է Լեռնային Ղարաբաղում:

 

Շնորհակալություն հայտնելով ԼՂՀ Նախագահին ընդունելության համար Արա Զոհրաբյանը համառոտ ներկայացրել է, որ ՀՀ փաստաբանների պալատը մտադիր է ԼՂՀ փաստաբանների պալատի հետ համագործակցել՝ փաստաբանների վերապատրաստման, և ունկնդիրների փաստաբանական դասընթացները կազմակերպելու հարցերում: Այս տեսանկյունից ՓՊ նախագահը հայտնել է, որ նախատեսում են հեռավար ուսուցման համակարգ ներդնել, ինչը հնարավորություն կտա ԼՂՀ փաստաբանին իր բնակավայրից համակարգչով մասնակցել դասընթացին, իսկ ԼՂՀ իրավաբանին սովորել՝ ՀՀ փաստաբանական դպրոցում:

 

Կողմերը քննարկել են նաև ԼՂՀ զորամասերում իրավագիտակցության բարձրացման նպատակով Հայաստանից փաստաբաններ Արցախ գործուղելու հարցը՝ զորամասերում դասախոսություններ և խորհրդատվություն անցկացնելու նպատակով: